Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ամենաընդդիմադիրները. Շաբաթի TOP 10

31 Հոկտեմբեր, 2015 15:31
Հայաստանի ամենաընդդիմադիրները. Շաբաթի TOP 10

 

Ընդդիմության դաշտում, ինչպես և մեր տասնյակում, ակնհայտ սերնդափոխություն է տեղի ունենում: Հին ուժերին ու գործիչներին միանում են նորերը: Ակնհայտորեն հետին պլան են մղվում Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և այլ նախկին տիտաններ, իսկ առաջին գծում սկսում են գործել նրանց ներկայացնող, բայց նրանցից առավել սիրված ու ակտիվ փոխարինողները: Եվ այսպես.

 1.   Ժիրայր Սեֆիլյան

Նա այս ամիս դարձավ «Նոր Հայաստանի» շտաբի պետը` իր շուրջը համախմբելով մի քանի քաղաքական ու քաղաքացիական ուժերի և ամենակարևորը` «Ժառանգություն» կուսակցության վերջին կենսունակ անհատներին: Նա այսօր կարողանում է ոչ միայն արդյունավետորեն մրցակցել «Ոչ»-ի մյուս շտաբի հետ, այլև իր միջոցառմանը հյուրընկալել դրա ղեկավարին: Նրա շուրջօրյա անհնազանդության կոչն անհանգստություն կամ հույսեր է ծնում, չնայած շատերն են դեռ հիշում ապրիլքսանչորսյան ֆիասկոն: Դեկտեմբերի 1-ն ազդարարված է նրա ճակատամարտի սկիզբ, իսկ «Շաբաթ»-ի մյուս ամսվա հիթ-շքերթները կազդարարեն դրանց ավարտի արդյունքը:

 2.   Զարուհի Փոստանջյան

Նա շարունակում է մնալ ամենագեղեցիկ ու սիրված ընդդիմադիրը: Սիրված շատերի, բայց ոչ երբեք Հանրապետական կուսակցության կողմից: Կրակոտ խորհրդարանական ելույթները նրա համար այս ամիս ևս ամենաբարձր դիրքերն ապահովեցին մեր այս տասնյակում, որտեղ նրա մեկ կետի անկումը պայմանավորված է բացառապես «Նոր Հայաստան» շտաբի առաջնորդությունը Սեֆիլյանին զիջելու հանգամանքով:

 3.   Լևոն  Զուրաբյան

Սահմանադրական փոփոխությունների մերժման երկրորդ կարևոր շտաբի պետն անցյալ ամիս ամենաընդդիմադիրների տասնյակում երեք Լևոններից վերջինն էր, իսկ այսօր արդեն միակ Լևոնն է ընդդիմության առաջնորդների շարքում: Նրա խոսքն ազդեցիկ է, նրա գործողությունները հանդարտ են, իսկ նրա ելույթները ցասումի կրկնվող ալիքներ են առաջ բերում իշխանության ճամբարում:

 4.   Ստեփան Դեմիրճյան

Ամենաբարի ու բարոյական ընդդիմադիրն իր դանդաղ, բայց հետևողական շարժերով նորից անդավաճան մնաց ՀԱԿ-ին ու հակաիշխանական իր դիրքավորմանը: Նա միացավ «Ոչ»-ի թիվ երկու շտաբին և համեստորեն ընդունեց երկրորդ Լևոնի առաջինը լինելը: Այս շաբաթ հասարակությունը ևս մեկ անգամ հիշեց նրա լուսահոգի հոր սպանությունն ու նորից խոր համակրանքով լցվեց Դեմիրճյան ազգանվան նկատմամբ:

 5.   Նիկոլ Փաշինյան

Նա այս ամիս էլ փայլուն և ազնվորեն դատափետեց իշխանություններին, սակայն նրան չեն կարողանում ներել միայն մի մեղք` չի միանում ոչ մի «Ոչ»-ի ճամբարի: Սեփական ինստիտուցիոնալ փիլիսոփայությունը մշակած ու որդեգրած թիմը դառնում է ընդդիմադիր գործընկերների հարձակումների թիրախ, իսկ ամենապարզամիտները «ինստիտուցիոնալ» բառով փորձում են ծաղրել նրան:

6.   Արամ Մանուկյան

Նա կարդացել է Անկախության հռչակագիրը և դրանից հետո իրեն երբեմն թույլ է տալիս խոսել` չկարդալով այլ կարևոր օրենքներ ու նախագծեր: Չնայած այս թերությանը` նա շարունակում է մնալ ամենապերճախոս ընդդիմադիր հռետորը և ակտիվ դերակատարում է ունենում ընդդիմադիր բազմաթիվ գործընթացներում, այդ թվում` ոստիկանության հետ փողոցային պայքարում:

 7.   Արմեն Մարտիրոսյան

Կարծես, թե նա կարողացել է հաղթահարել Զարուհու նկատմամբ խանդը և թոթափել լարվածությունն իր ամենահայտնի զինակցի հետ: Նա իր շտաբային աշխատանքներում շիտակ ու սուր բարձրաձայնում է հանրության մտահոգություններն ու երկրի խնդիրները: Նա վերադարձել է իր բարձր դիրքին ակտիվ քաղաքականության մեջ և ընդդիմադիրների շարքում:

 

8.   Տիգրան Ուրիխանյան 

 

Առաջին անգամ ընդդիմադիրների տասնյակում է հայտնվել է այս բարետես և սրախոս գործիչը: Նա դեռևս կասկածելի է իր ֆինանսավորման աղբյուրների և հովանավորների տեսանկյունից, բայց ճիշտ է խոսում ու գործում: Այդ հանգամանքն էլ նրան դարձնում է խորհրդավոր ուժերի աջակցությունը վայելող խոստումնալից ընդդիմադիր:

 

9.   Հրանտ Բագրատյան

Նա միակն է այս տասնյակում, որ չնայած մասնակցել է նախագահական ֆոտոսեսիային, սակայն պահպանել է կտրուկ «դեմ»-ը սահմանադրական փոփոխությունների նախագծին: Իր խորհրդարանական կոլորիտային կոնֆլիկտների, իր անվիճելի ինտելեկտի և իր պահպանված «ոչ»-ի պատճառով նա պահպանել է իր տեղն այս տասնյակում:

 

10.    Կարեն Անդրեասյան

Ընդդիմադիրներն Օմբուդսմենին փորձեցին դարձնել թիվ մեկն այս տասնյակում, իսկ իշխանական պատգամավորների հարձակումները նրան շնորհեցին այս հիթ-շքերթի պատվավոր տասներորդ հորիզոնականը: Իրականում նա ամենևին էլ ընդդիմադիր չէ, նա նույնիսկ քաղաքական գործիչ չէ, սակայն չսիրված հանրապետականի ագրեսիվ հարձակումը յուրաքանչյուրին կարող է դարձնել սիրված ընդդիմադիր:

 

Այս ամիս ամենաընդդիմադիրների Top 10-ից օբյեկտիվորեն դուրս են մնացել Հեղինե Բիշարյանը (Չնայած ժողովրդի վերաբերմունքին իր կուսակցությանը` նա ներկայումս ազնվորեն խոսում  է ժողովրդի շահերից, բայց դա դեռ քիչ է:),  Նաիրա Զոհրաբյանը (Նրա բարձրագոչ բղավոցներն իշխանության կողմից սանկցավորված հարցերի շուրջ նրան դեռ չեն դարձնում իսկական ընդդիմադիր:), Գագիկ Ջհանգիրյանը (Նրա սերն ու կապն ամենավարկաբեկված իշխանավորների հետ օր օրի դառնում է ակնհայտ:), Էլինար Վարդանյանը (Անուշիկ և քաղցրախոս աղջիկ է, հանվեց ԲՀԿ-ից, բայց դեռ շատ լղոզված է խոսում ամեն կարևոր հարցում): Այս ամիս չեն հաջողել կրակոտ և մարտնչող շատ այլ հերոսներ: Ոչինչ, մեծ խաղի ընթացքը երբեք կանգ չի առնում: Ամեն ինչ առջևում է:


Շաբաթի թղթակցակազմի և իր դիտարկումները ամփոփեց ու ներկայացրեց
Տիգրան Գալստյանը

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին