Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր

29 Հոկտեմբեր, 2015 18:39
Քննարկվել են ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման նպատակով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման և բարեփոխումների ընթացքի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:
Սամվել Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին և քաղաքացիներին` ակտիվ համագործակցության և բազմաթիվ առաջարկությունների համար:
Հանձնաժողովի անդամները ևս մեկ անգամ անդրադարձան հանրային քննարկման դրված Երևանի Մոսկովյան և Իսահակյան փողոցների երթևեկությունը փոխելու` միակողմանի դարձնելու առաջարկին: Նշվեց, որ անհրաժեշտ է լուսացույցներ տեղադրել Իսահակյան-Նալբանդյան, Իսահակյան-Աբովյան և Իսահակյան-Տերյան խաչմերուկներում:
Քննարկվեցին նաև Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում կղզյակի կառուցման դրական և բացասական կողմերը: Ըստ ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի` կղզյակը կօգնի խաչմերուկում տեղավորել մոտ 20 մեքենա ևս, Բաղրամյանից աջ` Մոսկովյան մտնող շարքը միշտ բաց կլինի: Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ նախագիծը քննարկում են ճարտարապետները` հրապարակի ճարտարապետական տեսքը պահպանելու համար:
Առաջարկվեց լուսացույցով չկարգավորվող հետիոտնային անցումների վրա տեղադրել լուսավորության համակարգեր, որով գիշերային ժամերին վարորդների համար տեսանելի կլինի հետիոտնային անցումի տեղը:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություններ կատարելու, տաքսիների, ճանապարհային երթևեկության խախտումների վերաբերյալ արձանագրված վարչական տուգանքներին և քաղաքային տրանսպորտին վերաբերող այլ հարցեր ևս: 
Հանձնաժողովի հետագա աշխատանքները պարբերաբար կներկայացվեն ոստիկանության կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին