Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս վիճակը և բանակցությունների հեռանկարները։
Ալիևը Հայաստանի ղեկավարությանը մեղադրել է «սադրանքներ կազմակերպելու» համար: «Հոկտեմբերին Փարիզում նախագահների հանդիպումից չէր անցել երկու շաբաթ, որ Հայաստանը սկսեց մասշտաբային զորավարժություններ անցկացնել։ Այդ սադրանքներն անընդունելի են, հակասում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանն ու միջնորդների կողմից մնացել են առանց պատասխանի»,- ասել է նա։
Ալիևն «անընդունելի» է համարել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի բաղկացուցիչ մասն է։