Կարևոր իրադարձություններ

Նախագահ դառնալու դեպքում Հիլարի Քլինթոնի շրջապատը կարող է դրդել նրան պատերազմի. Il Giornale

28 Ապրիլ, 2016 18:13
Նախագահ դառնալու դեպքում Հիլարի Քլինթոնի շրջապատը կարող է դրդել նրան պատերազմի. Il Giornale

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին շրջապատող նեոպահպանողականներն ու նրան աջակցող օլիգարխները կարող են դրդել Քլինթոնին պատերազմ սկսելուն, Il Giornale թերթում գրել է իտալացի լրագրող Մատեո Կարնիելետոն։

 

Հեղինակը հարցազրույց է վերցրել Քլինթոնի կենսագիր Դիանա Ջոնստոնից, ով նշել է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի  քաղաքական աշխարհայացքը միշտ էլ հիմնված է եղել ամերիկյան երազանքն ագրեսիայի ճանապարհով իրագործելու ցանկության վրա:


Կենսագրի կարծիքով՝ Քլինթոնի ունեցած դերակատարությունը Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման գործում շատ մեծ է:


«Եթե կա ռազմական տարբերակը, ապա նա միշտ կողմ է դրան։ 2003թ. նա կողմ էր Իրաք ներխուժելուն, նա հպարտորեն կրում է Լիբիայում կործանարար պատերազմի պատասխանատվությունը: Նա միշտ ագրեսիվ գործողություններ է պահանջել Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադի դեմ, իսկ Իրանի հանդեպ նրա տածած ատելությունն ուղղակի սահմաններ չի ճանաչում: Այս ամենի արդյունքում նա վայելում է Իսրայելի սերն ու համակրանքը»,-ասել է Ջոնստոնը:


Նա նաև նկատել է, որ Միացյալ Նահանգների նախագահի աթոռի հավակնորդը շատ հաճախ ստում է, իսկ իր համար տհաճ հարցերին չպատասխանելու համար սկսում է ծիծաղել կամ հազալ:


«Այն, ինչ նա ասում է նախընտրական քարոզարշավի ժամանակ, շատ մտահոգիչ է: Քլինթոնը սպառնում է ավելացնել ԱՄՆ-ի ներգրավվածությունը Սիրիայում` մասնավորապես Ասադի դեմ, ինչն ուղղակիորեն կոնֆլիկտ կառաջացնի Ռուսաստանի հետ: Նա սպառնում է չեղարկել Իրանի հետ վերջին շրջանում ձեռքբերված համագործակցությունը, խոստանում է աջակցել Իսրայելին` Պաղեստինի դեմ կռվում: Մի խոսքով՝ ապագան լի է անակնկալներով»,- ասում է նա։

 

Ըստ էության՝ ԱՄՆ-ի նախագահի իշխանությունը սահմանափակ է. նա պետք է բավարարի իշխող օլիգարխիային: Սակայն տվյալ պարագայում օլիգարխիան աջակցում է Քլինթոնին։ Ընտրվելու դեպքում նա շրջապատված է լինելու ռազմական ներխուժման կողմնակից նեոպահպանողականներով ու լիբերալներով, ովքեր կարող են դրդել նրան համաշխարհային պատերազմ սկսելուն:

 

«Ամենատագնապալին այն է, որ Քլինթոնը պատրաստակամ է դիվանագիտության փոխարեն ռազմական ուժ կիրառել: Նա այնքան ժամանակ է հզորացնելու ու Ռուսաստանի դեմ տրամադրելու ՆԱՏՕ-ն, մինչև ինչ-որ միջադեպի հետևանքով Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի: Ես կանխատեսումներ չեմ անում, այլ միայն նախազգուշացնում եմ Եվրոպային: Միայն ձեր հրաժարումն ԱՄՆ-ի ռազմական քաղաքականությունից կարող է ունենալ որոշիչ նշանակություն»,-եզրափակել է կենսագիրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին