Կարևոր իրադարձություններ

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արլեմ Դեզիրին

25 Ապրիլ, 2016 16:36
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արլեմ Դեզիրին

Ապրիլի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին:


Պետքարտուղար Դեզիրը նախարար Նալբանդյանին տեղեկացրեց, որ նախօրեին Փարիզում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո ուղևորվել է օդանավակայան՝ Երևան մեկնելու և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեծ Եղենի զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելու նպատակով:


Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության հարցում, և այն, որ Ֆրանսիայում դեռ 2001թ. օրենքի ուժով ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։ Նա հավելեց, որ Հայաստանում շնորհակալությամբ են հիշում նախագահ Օլանդի մասնակցությունը Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։


Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները և այդ համատեքստում կարևորեց միջազգային հանրության ջանքերը՝ դրանք հաղթահարելու, նման զարգացումները հետագայում բացառելու և համապատասխան պայմաններ ստեղծելու՝ բանակցությունների, հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման ուղղությամբ։


Երկուստեք շեշտվեց, որ հիմնահարցի կարգավորումը չունի ռազմական լուծում։ Զրուցակիցները համակարծիք էին, որ առաջնահերթություն է դարձել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։


Արլեմ Դեզիրը վստահեցրեց, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
 

Էդվարդ Նալբանդյանը և Արլեմ Դեզիրը քննարկեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին