Կարևոր իրադարձություններ

Միշել Տեր-Զաքարյանը հեռանում է «Նանտ»-ից

24 Ապրիլ, 2016 21:10
Միշել Տեր-Զաքարյանը հեռանում է «Նանտ»-ից

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիական «Նանտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: 53-ամյա ֆրանսահայ մասնագետը beIN Sports հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ տարաձայնություններ ունի ակումբի նախագահ Վալդեմար Կիտայի հետ:

«Իմ պայմանագիրն ավարտվում է ամռանը: Ցանկանում եմ, որ ամեն ինչ հստակ լինի. հաջորդ մրցաշրջանում ես չեմ լինի «Նանտ»-ի գլխավոր մարզիչ: Ես ցանկություն չունեմ աշխատել պարոն Կիտայի հետ, քանի որ չկա փոխհամաձայնեցում, դրա համար որոշել եմ չլինել այս ակումբի մարզիչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Միշել Տեր-Զաքարյանը: 

Փոխարենը, մարզիչն ընդգծել է, որ շատ գոհ է «Նանտ»-ի ողջ անձնակազմի աշխատանքից և շատ ուրախ է, որ իրենց հաջողվել է ակումբը բերել Լիգա-1 և այստեղ անցկացնել երեք տարի: «Ինձ ամենից շատ անհանգստացնում է այն, որ իմ սիրտը կմնա «Նանտ»-ի հետ: Շնորհակալություն երկրպագուներին, ովքեր միշտ եղել են մեզ հետ»,- ասել է Տեր-Զաքարյանը:

Ֆրանսահայ մասնագետը «Նանտ»-ը գլխավորել է 2012 թվականից և առաջին մրցաշրջանից ստացել Լիգա-1 վերադառնալու ուղեգիր:

Տեր-Զաքարյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 4 խաղ` 1996-1997 թվականներին, որից հետո ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:

 

Լրահոս

Դիտել ավելին