Կարևոր իրադարձություններ

Երբ որ կրակում են՝ ի՞նչ բանակցությունների, ի՞նչ փաստաթղթերի մասին կարող է խոսք լինել. Շավարշ Քոչարյան

24 Ապրիլ, 2016 12:05
Երբ որ կրակում են՝ ի՞նչ բանակցությունների, ի՞նչ փաստաթղթերի մասին կարող է խոսք լինել. Շավարշ Քոչարյան

 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը , պատասխանելով  լրագրողների հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տարածքներ հանձնելու մասին լուրերը, նա նշեց, թե բազմիցս է այդ մասին հայտարարվել, որ սեղանին այս պահին դրված են այն խնդիրները, որոնք վերաբերում են 1994 և 1995 թվականներին կնքված զինադադարի ռեժիմի ամրապնդմանը:
 

«Խոսքը վերաբերում է 2011 թվականին ԵԱՀԿ կողմից արված առաջարկություններին, այն է՝ դիպուկահարների հետ քաշումը,  միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, եթե անհրաժեշտ է, նաև սարքավորումների տեղադրումը: Մի խոսքով, շատ պարզ է: Երբ որ կրակում են՝ ի՞նչ բանակցությունների, ի՞նչ փաստաթղթերի մասին կարող է խոսք լինել»,- ասաց փոխարտգործնախարարը:
 

Անդրադառնալով դիտարկմանը, թե կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը վերջին օրերին անընդհատ խախտվում է՝ փոխարտգործնախարարը մանրամասնեց, որ կան երկու տիպի խախտումներ՝  խախտումներ, որոնք անընդունելի են, բայց վերջին շրջանում, կարծես, ավանդույթ են դարձել, և  ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը եղավ ապրիլի 2-5-ը:
 

«Ես պետք է հիշեցնեմ, որ 1994 թվականին կնքված զինադադարի վերաբերյալ համաձայնագրում գրված է, որ կողմերը եկան համաձայնության ոչ միայն կրակի դադարեցման հարցի վերաբերյալ, այլ  վերջ տալու ռազմական գործողություններին: Ամեն դեպքում ո՛չ կրակի դադարեցման վերաբերյալ խախտումներն են ընդունելի, ո՛չ էլ ռազմական գործողությունների վերսկսումը»,- շեշտեց նա:
 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է:
«Բնական է, որ այդ հարցում հայությունը՝ որպես ամենադաժան ցեղասպանությունը տեսած ազգ, պետք է լինի առաջին շարքերում»,-ասաց ՀՀ փոխարտգործնախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին