Կարևոր իրադարձություններ

Միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ լինի ցեղասպանությունների կանխարգելման հարցում. Օվե Բրինգ

23 Ապրիլ, 2016 16:40
Միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ լինի ցեղասպանությունների կանխարգելման հարցում. Օվե Բրինգ

Աշխարհում ցեղասպանությունները կարող էին չկրկնվել, եթե մարդկությունը ժամանակին ճանաչեր և դատապարտեր Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Կայսրությունում: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում նման կարծիք հայտնեց Միջազգային իրավունքի մասնագետ, Ստոկհոլմի համալսարանի և Շվեդական պաշտպանության համալսարանի պատվավոր պրոֆեսոր Օվե Բրինգը: «1935թ. Ադոլֆ Հիտլերը Լեհաստան ներ խուժելուց առաջ իր գեներալների առջև ունեցած ելույթում ասել է. «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածի մասին»: Իհարկե, միգուցե, այդ պահին Հիտլերը դեռ չէր պլանավորել հրեաների կոտորածը, սակայն նա իր պլաններն իրականացնելու հարցում դժվարություններ կունենար, եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչված և դատապարտված լիներ, եթե պատժված լինեին բոլոր այն անձինք, ովքեր մեղավոր էին Ցեղասպանության իրականացման համար»,-նշել է Բրինգը:

Նա նշել է, որ հնչում են կարծիքներ, թե Օսմանյան Կայսրության նպատակը եղել է ոչ թե հայերին կոտորելն ու ոչնչացնելը, այլ նրանց վերաբնակեցումը: «Սակայն ակնհայտ է, որ Օսմանյան Կայսրության նպատակը եղել է հայերին ոչնչացնելը: Դրա մասին վկայող բազմաթիվ փաստեր կան»,- ասաց Օվե Բրինգը:

Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այս պահին Իրաքում և Սիրիայում ցեղասպանություն է իրականացնում եզդի ժողովրդի և էթնիկ այլ խմբերի նկատմամբ: «Հարկավոր է լրջորեն զբաղվել այս հարցով, քանի որ Հայոց ցեղասպանության զոհ գնացած հայերի սերունդները վառ են պահել հիշողությունը, արթուն են պահել հարցը: Նրանք պահանջում են ճանաչում և հատուցում: Ուստի, միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ լինի ցեղասպանությունների կանխարգելման հարցում»,- եզրափակել է պրոֆեսորը:

 

Լրահոս

Դիտել ավելին