Կարևոր իրադարձություններ

Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ն մտադիր է ուժեղացնել ներկայությունը

22 Ապրիլ, 2016 19:17
Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ն մտադիր է ուժեղացնել ներկայությունը

Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է մտածի սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ավելի կայուն ռազմական ներկայության ապահովման շուրջ: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի ունեցած Ատլանտյան ակումբի` Սև ծովում անվտանգության ապահովման շուրջ համաժողովի ժամանակ: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:

«Դաշինքը բախվել է ռազմավարական սպառնալիքների` միանգամից երկու տարբեր ուղղություններով: Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների մասին է, որը ձեռնոց է նետում միջազգային իրավունքին և խախտում հարևան պետությունների սուվերենությունը: Մյուս կողմից դաշինքի հարավային սահմանին անկայունությունը և բռնությունը սպառնում են տարածվել ահաբեկչության և անվերահսկելի միգրացիայի տեսքով»,- նշել է Վերշբոուն:

Նա հավելել է, որ այս երկու հարցերը կընդգրկվեն հուլիսին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որի ընթացքում որոշումներ կընդունվեն անդամ պետությունների հավաքական պաշտպանության ամրապնդման և զսպման սկզբունքների ընդլայնման շուրջ:

Վերշբոուն նաև ընդգծել է, որ դաշինքի անհանգստության գլխավոր պատճառը Ռուսաստանի կողմից Ղրիմում «A2AD» համակարգի տեղադրումն է, որը երկրին հնարավորություն է տալիս նվազագույն ռեսուրսներ ծախսելով` ստեղծել արգելքներ, որոնք կոչված են արգելափակել հակառակորդի մուտքը վիճելի տարածք: 

 

Լրահոս

Դիտել ավելին