Կարևոր իրադարձություններ

Պատգամավորի օգնականին դանակահարողին փորձում են «փրկել». «Ժողովուրդ»

22 Ապրիլ, 2016 09:18
Պատգամավորի օգնականին դանակահարողին փորձում են «փրկել». «Ժողովուրդ»

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստը, որին ներկա էր նաեւ պատգամավորը որպես վկա: Ինչպես ցույց են տալիս դատական գործով ընթացող զարգացումները, պատգամավորի թիկնապահին դանակահարողին հոգեկան խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ ցանկանում են «փրկել» ազատազրկումից:

Ինչպես փրկել ամբաստանյալին

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015թ սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 07:00-ի սահմաններում: Երեւանի Մաշտոցի պողոտայում Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը ծեծի էին ենթարկել իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գեւորգ Մարգարյանին: Փողոցով անցնելիս տղաների ծեծկռտուքը նկատել էր Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա անտարբեր չէր անցել, կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել  երիտասարդների խմբին:

 

Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել էին պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի էր դրել բռունցքները: Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել էր պատգամավորի օգնական Ավետիս Գալստյանին, ինչը ստիպել էր պատգամավորին ավտոմեքենայից հանել զենքը: Բարեբախտաբար, բանը կրակոցներին չէր հասել, եւ պատգամավորը շտապել էր իր օգնականին տեղափոխել հիվանդանոց:

Ինչեւէ: Արդեն նշել էինք, որ այս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է, եւ գործով արդեն ուշագրավ հանգամանքներ են ի հայտ գալիս: Պատգամավորի օգնականին՝ Ավետիս Գալստյանին, դանակահարած Անդրանիկ Գաբրիելյանը երեկ դատարանում հայտնեց, որ ինքը հոգեկան խնդիրներ ունի, նրա պաշտպան Մերի Ալավերդյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալին փորձաքննության ենթարկեն: Շուրջ երկու ժամ տեւած խորհրդակցությունից հետո գործը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը եւ նշանակեց դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզի, թե արդյո՞ք հոգեկան խնդիր ունեցող անձը այսուհետ կարող է մասնակցել դատական նիստերին, թե ոչ: Ասել է, թե պատգամավորի օգնականին դանակահարած երիտասարդին փորձում են հոգեկան խնդրի «շուքի տակ» նախ՝ թաքցնել հրապարակային դատավարությունից, ապա՝ նաեւ փորձել ազատ արձակել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին