Կարևոր իրադարձություններ

Մեկնարկեց «Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովը

21 Ապրիլ, 2016 14:07
Մեկնարկեց «Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովը

Երևանում մեկնարկեց «Եվրոպայի հանրային փոստային օպերատորների(«PostEurop») ասոցիացիայի 31-րդ` «Ընդունելով մարտահրավերները» խորագրով լիագումար համաժողովը։ Այն անցկացվում է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի նախաձեռնությամբ:
Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնը, «PostEurop» կազմակերպության գործադիր խորհրդի նախագահ Ժան Պոլ Ֆորսևիլը, գլխավոր քարտուղար Բոտոնդ Սեբենը, ինչպես նաև եվրոպական 40 երկրների փոստային կապի ազգային օպերատորների շուրջ 120 ներկայացուցիչներ:
Եռօրյա Համաժողովի նպատակն է Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների և ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել փոստային ոլորտին վերաբերող առանցքային հարցեր, նորարարությունների և արագորեն փոփոխվող այս ժամանակաշրջանում բացահայտել փոստային կապի զարգացման նոր հնարավորություններ:

Համաժողովի բացման արարողությանը ներկա էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորեց Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի հերթական Համաժողովը Երևանում անցկացնելու նախաձեռնությունը և, որ Հայաստանը մաս է կազմում Համաշխարհային փոստային միության մեծընտանիքին.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեր դարում փոստային կապը՝ որպես հաղորդակցման կարևոր միջոց, մեծ նշանակություն ունի հասարակության տնտեսական և սոցիալական զարգացման համար։ Հանրապետության հեռավոր շրջաններիմիջև այսօր էլ կապի ամենահուսալի և անփոխարինելի միջոցը մնում է փոստը»,- ասաց նախարարը:Գագիկ Բեգլարյանը նշեց նաև, որ անցկացվող համաժողովի թեման խիստ արդիական է, և այն կնպաստի փոստային ծառայությունների զարգացմանն ու առաջընթացին:

«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի բարեփոխումներին, որոնց նպատակն է ապահովել մատչելի, հասանելի փոստային ծառայություններ, ոլորտում ներդնել արդի տեխնիկական միջոցներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև փոստային ծառայությունների միջոցով զարգացնելէլեկտրոնային առևտուրը»,-ասաց նախարարը։

«PostEurop»-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը Եվրոպայի փոստային օպերատորների անդամների համար Հայաստանում գտնվելը պատմական պահ համարեց և նշեց, որ բարձր է գնահատում Հայաստանի ազգային փոստային օպերատոր«Հայփոստ» ընկերության կողմից արձանագրված առաջընթացն ու զարգացումը.

«Մենք գնահատում ենք մինչ օրս «ՀայՓոստ»-ի՝ որպես Հայաստանի ազգային փոստային օպերատորի կողմից արձանագրված առաջընթացն ու զարգացումը: Վստահ ենք, որ շարունակական համագործակցությունը միջազգային փոստային օպերատորների ու լոգիստիկա ապահովող կողմերի միջև հնարավորություն կընձեռի կերտել գործուն հարաբերություններ ու զարգացնելու այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային առևտուրն ու կառավարումը»,- իր խոսքում նշեց Ժան-Փոլ Ֆորսևիլը:

Բիշար Աբդիրահման Հուսեյնին էլ՝ կարևորեց նման համաժողովների անցկացումը և ընդգծեց, որ այն կնպաստի Համաշխարհային փոստային միության անդամ երկրների փոստային ծառայության զարգացմանը։ Անդրադառնալով «Հայփոստ»-ի գործունեությանը՝ նա հատկապես կարևորեց Հայաստանի ազգային փոստային օպերատորի կողմից բնակչությանը մատուցած ծառայությունների որակը.

«Հայաստանում գտնվելու օրերին հնարավորություն եմ ունեցել այցելելու մի շարք փոստային գրասենյակներ թե՛ Երևանում, և թե՛ Երևանից դուրս: Շատ լավ տպավորություններ եմ ստացել: Բարձր դիրքում է գտնվում Հայաստանի փոստային ծառայությունների մատուցման որակը և ասեմ ավելին, կան բոլոր հնարավորությունները՝ այն առավել զարգացնելու համար»,- ասաց նա:

«Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով՝ Համաժողովի անցկացումը մեծ նշանակություն ունի Եվրոպայի փոստային միության անդամ երկրների համար, քանի որ այն փորձի փոխանակման առումով՝ մեծ հնարավորություններ է ընձեռում: Անդրադառնալով Հայաստանի փոստային ծառայություններին՝ նա նշեց, որ 
աշխատանքներում բավականին առաջընթաց կա.

«Մենք շատ հպարտ ենք, որ կարող ենք կազմակերպել նման բարձրակարգ միջոցառում: Շատ ենք աշխատել ապացուցելու, որ «Հայփոստ» ընկերությունը և Հայաստանը պատրաստ են իրականացնել նման միջոցառումներ: Իրենք վստահել են մեզ, և մենք մեր բոլոր հնարավորությունները ցույց ենք տալու իրենց»,- նշեց Խ. Պ. Գեչիջյանը:

Նիստի ընթացքում մարվեց և շրջանառության մեջ դրվեց նաև «Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովին նվիրված գեղաթերթիկ մեկ նամականիշով:Մարումը իրականացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Ժան-Փոլ Ֆորսևիլ , Բիշար Աբդիրահման Հուսեյնը և Խուան Պաբլո Գեչիջյանը։
Գեղաթերթիկը ձևավորված է երևանյան համաժողովի խորհրդանիշի տեսքով՝ իրար վրա դրված երկու ծրար, որոնք հիշեցնում են Սիսն ու Մասիսը:

Եռօրյա համաժողովի ընթացքում տեղի կունենա լիագումար նիստ, որին կհաջորդի բիզնես ֆորում միջազգային փորձագետների ու մոդերատորների մասնակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում...

 

Լրահոս

Դիտել ավելին