Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Սպիվակովը ելույթ կունենա Հայաստանում

18 Ապրիլ, 2016 11:09
Վլադիմիր Սպիվակովը ելույթ կունենա Հայաստանում

Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը եւ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբն ապրիլի 28-ին եւ 29-ին համերգային տարբեր ծրագրերով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ապրիլի 28-ի համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի Երրորդ դիվերտիսմենտը, Բոկերինիի ռե մինոր Սիմֆոնիան, Հայդնի Դաշնամուրի թիվ 11 կոնցերտը, ինչպես նաեւ՝ Շոստակովիչի կամերային ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգա դաշնակահարուհի Ալեքսանդրա Ստիչկինան: Իսկ ապրիլի 29-ին երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա ունկնդրել Մոցարտի Առաջին դիվերտիսմենտը, Չայկովսկու լարայինների համար Սերենադը, Ռոսսինիի Երրորդ սոնատը եւ Աստոր Պիացոլլայի ՙՏարվա եղանակներ Բուենոս Այրեսում՚ ստեղծագործությունը, հանրահայտ տանգոներ:

Համերգային ծրագրում որպես մենակատարներ հանդես կգան ակորդեոնահար Նիկիտա Վլասովը եւ ջութակահարներ Դենիս Շուլգինը, Լեւ Իոմդինը, Գեորգի Ցայը, Եվգենի Ստեմբոլսկին: Վերջին անգամ

Վլադիմիր Սպիվակովը Հայաստան էր եկել 2015թ. ապրիլին` իր ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ անցկացրել էր «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող համերգի ավարտին մի հին ավանդապատումից իմաստուն առաջնորդի խոսքը մեջբերելով՝ Սպիվակովը հայտնեց իր կարծիքը հայերի մասին. «Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք, ձեզնից յուրաքանչյուրում տիեզերք է»:

Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին Ուֆա քաղաքում: Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ: 1955 թվականին նա հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորյային կից դպրոցում, 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորյային կից կենտրոնական երաժշտական դպրոցը եւ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Յու. Յանկելեւիչի դասարանում: Որպես դիրիժոր հանդես է գալիս 1965 թվականից: 1979 թվականին մի խումբ երաժիշտների հետ ստեղծել է «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը եւ դարձել վերջինիս անփոփոխ գեղարվեստական ղեկավարը, դիրիժորն ու մենակատարը: Նվագախմբի համերգները հաջողությամբ են ընթանում աշխարհի ցանկացած կետում՝ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Հարավային Ամերիկայում, Իսրայելում, Ճապոնիայում եւ այլուր: 

 

Լրահոս

Դիտել ավելին