Կարևոր իրադարձություններ

Հույն պատգամավորը խոստացել է անել հնարավորը` արբեջանական ագրեսիան դադարեցնելու համար

14 Ապրիլ, 2016 13:02
Հույն պատգամավորը խոստացել է անել հնարավորը` արբեջանական ագրեսիան դադարեցնելու համար

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 13-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-հունական հարաբերությունները և փաստել, որ այդ մասին է վկայում նաև հույն պատգամավորի այցը Լեռնային Ղարաբաղ և Հայաստան:

Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Գարիֆալիա Կանելլիին՝ այս ծանր և դժվարին օրերին հայ ժողովրդի կողքին լինելու և եղբայրական ձեռք մեկնելու համար, ինչը, ըստ նրա, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության վառ օրինակ է: ԱԺ փոխնախագահը կարևորել է Գարիֆալիա Կանելլիի՝ ԼՂՀ կատարած այցը՝ այն գնահատելով ղարաբաղա-ադրբեջանական վերջին իրադարձությունների վերաբերյալ սեփական կարծիք ձևավորելու տեսանկյունից: Անդրադառնալով հույն պատգամավորի՝ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու հանգամանքին՝ ԱԺ փոխնախագահը տա րօրինակ և անընդունելի է համարել 21-րդ դարում մարդու, առավել ևս՝ ԵԽԽՎ պատգամավորի տեղաշարժի սահմանափակումը: Նա հույս է հայտնել, որ Գարիֆալիա Կանելլին եվրոպացի և հույն գործընկերներին կներկայացնի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերը: ԱԺ փոխնախագահը կարևորել է հույն պատգամավորի այն դիրքորոշումը, ըստ որի՝ դատապարտելի են զոհերի պատճառ հանդիսացող իրադարձությունները, ինչպես նաև խնդրի վերաբերյալ երկակի ստանդարտների կիրառումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գարիֆալիա Կանելլին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ կատարած այցին և անթույլատրելի համարել ուրիշի շահերի համար մարդկային կյանքերի կործանումը: Նա վստահեցրել է, որ կանի հնարավորը՝ դադարեցնելու համար ադրբեջանական ագրեսիան և անմեղ կյանքերի զոհաբերումը:

Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր պանթեոն կատարած այցերին՝ տիկին Կանելլին կարևորել է ցեղասպանությունների դատապարտումը, քանի որ, ըստ նրա՝ չդատապարտված հանցանգործությունները լի են կրկնության վտանգով: Նա անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը՝ միասնաբար պայքարելու մարդու իրավունքների պաշտպանության և դրանց իրացման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին