Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պետք է 200 մլն դոլար վարկով սպառազինություն ստանար ՌԴ-ից, որն անհասկանալի պատճառով ուշանում է. Գ. Մինասյան

11 Ապրիլ, 2016 13:35
Հայաստանը պետք է 200 մլն դոլար վարկով սպառազինություն ստանար ՌԴ-ից, որն անհասկանալի պատճառով ուշանում է. Գ. Մինասյան

 

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հաստատեց՝ Հայաստանը պետք է 200 մլն դոլար վարկով սպառազինություն ստանար Ռուսաստանից,  որն անհասկանալի պատճառով ուշանում է: «Ունեմ տեղեկություններ, որ պետք է լինեին սարքավորումներ՝ անօդաչու սարքերի դեմ պայքարի համար»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց նա:


Թե երբ պետք է այդ սպառազինությունը բերվի Հայաստան, Գագիկ Մինասյանը նշեց, թե իր  տվյալներով պետք է արդեն իսկ ՀՀ-ում լիներ: Նա նշեց, որ համապատասխան մարմինները զբաղվում են արագացնելու հարցով: 


Մինասյանը նշեց, թե միաժամանակ Ադրբեջանը ՌԴ-ից գնում է ժամանակակից հարձակվողական զինտեխնիկա՝ հավաստիացելով, որ այն չի կիրառելու ղարաբաղյան ճակատում:


«Այսօր, սակայն, ակնհայտ է,  որ կիրառվել է, և այս պարագայում, եթե նույնիսկ Ռուսաստանը մտածում էր, թե ղարաբաղյան ճակատում չի կիրառի, այսօր արդեն պետք է վերագնահատի Ադրբեջանին զենք վաճառելու դիրքորոշումը, որովհետև այս զենքը կիրառվում է իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ»,- ասաց նա:


Գագիկ Մինասյանը մնում է այն տեսակետին, որ հայ-ռուսական համագործակցությունը  փոխշահավետ է երկու երկրների համար և նշում, թե համագործակցության խաթարումը հավասար չափով կվնասի և՛ ՌԴ-ին, և՛ ՀՀ-ին: «Մենք պետք է անենք հնարավորը, որ մեր ստրատեգիական գործընկերները ևս գան այդ համոզման, որ զինելով Ադրբեջանին՝ լոկ բիզնես չեն կատարում, այլ ուղղակի խաթարում են համագործակցության հիմքերը»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին