Կարևոր իրադարձություններ

Մեդվեդևը դարձյալ հայտարարել է, թե իրենց Հայաստանի ու Ադրբեջանի հետ «դարավոր հարաբերություններն են կապում

09 Ապրիլ, 2016 14:49
  Մեդվեդևը դարձյալ հայտարարել է, թե իրենց Հայաստանի ու Ադրբեջանի հետ «դարավոր հարաբերություններն են կապում

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցումանդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշմանն ու վերջինիս մեղադրել է կրակի վրա յուղ լցնելու համար։

 

Անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Ռուսաստանը հակամարտության կողմ է, Մեդվեդևն ասել է. «Փոխանակ հանդարտվելու կոչ անեն, գնահատականներ են տալիս։ Ինչի՞ համար։ Կրակի վրա յուղ լցնելո՞ւ։ Դա չի կարող չմտահոգել»։

 

Մեդվեդևը դարձյալ հայտարարել է, թե իրենց Հայաստանի ու Ադրբեջանի հետ «դարավոր հարաբերություններն են կապում»։

 

«Մենք պատմական կապերով ենք կապված, ունենք որոշակի շրջանում ընդհանուր պետական պատմություն։ Մենք գործընկերային հարաբերություններ ունենք, կողք կողքի ենք ապրում։ Հայաստանից ու Ադրբեջանից մեծ թվով մարդիկ են աշխատում Ռուսաստանում»,-ասել է նա՝ մեկնաբանելով հարցը, թե ինչու են Ադրբեջանն ու Հայաստանը հենց Ռուսաստանին դիմել հակամարտության սրման հարցով։

 

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը շարունակելո՞ւ է զենք տրամադրել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, Մեդվեդևը պատասխանել է. «Ռուսաստանը գործընկեր երկիր է այդ երկու պետությունների համար»։

 

Դիտարկմանը, թե Հայաստանի հետ նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակից է, Մեդվեդևը պատասխանել է. «Հայաստանի հետ մենք նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակիցներ ենք։ Սակայն մեզ մոտ բոլոր դեպքերում հարաբերությունները միջպետական են։ Դրանք հիմնված են համաձայնագրերի, այդ թվում՝ ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության համաձայնագրերի վրա։ Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ դերակատարությունից։  Մենք լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա։ Զենք կգնեն այլ երկրներից։ Դրանից մահացությունների թիվը չի կրճատվի, սակայն դա կարող է խախտել հավասարակշռությունը, որն այժմ կա։ Մենք հասկանում ենք, թե ինչպիսին են մեր գործընկերների պահանջները։ Այդ պատճառով ես վստահ չեմ, որ երբ այդ շուկա գան այլ երկրների ներկայացուցիչներ, իրավիճակը կմեղմանա։ Ես կարծում եմ, որ իրավիճակն ավելի ծանր կդառնա»։

 

ՌԴ վարչապետի խոսքով՝ զենքը ձեռք է բերվում ոչ միայն երբևէ օգտագործվելու, այլ նաև զսպիչ գործոն դառնալու համար։ «Այդ պահը պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը»,-ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին