Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

08 Ապրիլ, 2016 20:04
ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Ապրիլի 8-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Հովհաննես Սահակյանը. տեղեկացնում է ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը։


Համատեղ նիստն սկսելուց առաջ, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են այս օրերին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված տղաների հիշատակը:


Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ու համակողմանիորեն քննարկել ապրիլի 2-5-ը ղարաբաղաադրբեջանական սահմանին հակառակորդի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության հանդեպ բռնարարքների, այդ թվում՝ վայրագ սպանությունների, ինչպես նաև հայկական բնակավայրերի  հրետակոծության հետևանքներն ուսումնասիրելու և միջազգային ատյաններին ներկայացնելու հարցերը:


Նիստին մասնակցել են ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Լևոն Մարտիրոսյանը ու Զարուհի Փոստանջյանը:


ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն ամփոփ ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի կողմից այս օրերին կատարած աշխատանքները և մատնանշել այն խոչընդոտները, որոնց հետևանքով Արցախն ուղիղ կերպով չի կարողանում դիմել միջազգային կառույցներին:


ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը տեղի ունեցածը առաջարկել է դիտարկել միջազգային կոնվենցիաների ընձեռած հնարավորությունների շրջանակներում և խորհուրդ տվել ծրագրել եվրոպական կառույցներում համապատասխան աշխատանքներ իրականացնելու  քայլերը:


Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է վերոնշյալ հարցերի հետ առնչություն ունեցող պետական մյուս կառույցների հետ համակարգել փաստերի հավաքագրման աշխատանքները և նախապատրաստվել  միջազգային ատյաններում  դրանք ներկայացնելու համար:


ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակությանն այնուհետև ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:


Հանդիպմանը ներկայացվել են նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջիկա աշխատանքների ուղղությունները:


Խորհրդարանի ղեկավարն իր գործընկերներին տեղեկացրել է, որ նախորդ օրերին Արցախի պատգամավորները նույնպես քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ուսումնասիրման հետ կապված խորհրդարանական հատուկ հանձնախումբ ստեղծելու գաղափարը և այն արդեն ուրվագծվել է:


ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականների միջև ձեռք է բերվել  այս հարցերում փոխգործակցությունն ակտիվացնելու և նախանշված ուղղություններով կոնկրետ քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն:
 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին