Կարևոր իրադարձություններ

Վտանգավոր թափոնների գործածությունը ենթակա է լիցենզավորման. ՇՄՆ

08 Մայիս, 2024 21:32
Վտանգավոր թափոնների գործածությունը ենթակա է լիցենզավորման. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել վտանգավոր թափոնների գործածության գործունեությունը լիցենզավորելու անհրաժեշտության վերաբերյալ:

«Վտանգավոր են համարվում այն թափոնները, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել, իսկ դրանց հետ վարվելու համար պահանջվում է կիրառել հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ։ Հաշվի առնելով աղբահանության ընթացքում գոյացող թափոնների բազմաբաղադրիչ կազմը՝ կենցաղային քիմիայի նյութեր, տարբեր փոքր սարքեր, մարտկոցներ, լամպեր, ռետինե արտադրանք, պլաստմասսաներ, դեղորայք, տարբեր նյութերից փաթեթվածք, այլ թափոններ, չտեսակավորված կենցաղային թափոնները ևս դասակարգված են որպես վտանգավոր թափոններ։
 
«Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն՝ վտանգավոր թափոնների գործածության (հավաքում, փոխադրում, տեղադրում, պահում, վերամշակում, օգտահանում, վնասազերծում, թաղում) գործունեությամբ թույլատրվում է զբաղվել միայն վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի առկայության դեպքում, որը տրամադրվում է շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Լիցենզավորման գործընթացը նախօրոք ապահովում է նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վտանգավոր թափոնների վնասակար ազդեցության գնահատումը և փորձաքննությունը, պարզում է գործունեության համար անհրաժեշտ տարածքով, նյութատեխնիկական բազայով և համապատասխան տեխնոլոգիաներով ապահովվածությունը։
 
Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կամ համայնքի հիմնարկների կողմից վտանգավոր թափոնների (1-4-րդ դասի) գործածությամբ զբաղվելն առանց համապատասխան լիցենզիայի չի թույլատրվում, իսկ օրենսդրության խախտմամբ գործունեության իրականացումը կհանգեցնի օրենսդրությամբ նախատեսված խիստ պատժամիջոցների կիրառման։
 
Մարդկանց կյանքի և առողջության, այդ թվում՝ տվյալ գործունեության մեջ ներգրավված աշխատակիցների անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով, շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է վտանգավոր թափոնների գործածությամբ (ներառյալ աղբի հավաքմամբ, աղբավայրերի շահագործմամբ) զբաղվելու նախաձեռնության դեպքում դիմել շրջակա միջավայրի նախարարություն՝ լիցենզիա, այլ թույլտվություններ ստանալու և օրենսդրությանը համապատասխան գործունեություն իրականացնելու նպատակով»։
 
Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկին ծանոթանալ՝ այստեղ
 

Լրահոս

Դիտել ավելին