Կարևոր իրադարձություններ

LifeNews-ի լրագրողները պատմել են՝ ինչպես են իրենց վտարել Ադրբեջանից

05 Ապրիլ, 2016 17:26
LifeNews-ի լրագրողները պատմել են՝ ինչպես են իրենց վտարել Ադրբեջանից

Ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողները, ովքեր աշխատել են Ադրբեջանում` սահմանամերձ շրջաններում, պատմել են, որ ոստիկանությունն ու տեղի իշխանություններն անընդհատ ճնշում են գործադրել իրենց վրա` փորձելով դուրս հանել երկրից:

 

Սկզբում լրագրողներին կցել են 2 ոստիկան, ովքեր որևէ կերպ չեն խոչընդոտել լրագրողական ազատ աշխատանքին։ Բայց արդեն որոշ ժամանակ անց լրագրողներին ակնարկել են, որ ավելի լավ կլիներ, եթե նրանք Բաքու մեկնեին։

 

Բացի այդ, նկարահանումներից հետո լրագրողներին տարել են շրջվարչակազմ,  որտեղ նրանց 2 ժամ պահել են դատարկ սենյակում` չբացատրելով, թե ինչի համար են այդպես վարվում:

 

Տեղի ոստիկանության պետը LifeNews-ի թղթակիցների հետ զրույցներում բազմիցս ակնարկել է, որ նրանք ավելի լավ կանեին, եթե հեռանային երկրից:

 

Այնուհետև իրավապահները հայտնել են, որ ռուս լրագրողները պետք է անհապաղ լքեն սահմանամերձ գոտին: Լրագրողներին թույլ են տվել միայն իրենց իրերը վերցնել հյուրանոցից:

 

Հյուրանոցի մոտ նկարահանող խմբին դիմավորել է անձամբ Ներքին գործերի շրջանային վարչության պետը, ով ստուգել է նրանց անձնագրերը։ Հյուրանոցի համարում պարզվել է, որ նրանց իրերը ցաքուցրիվ են արված այնպես, կարծես այնտեղ խուզարկություն է իրականացվել:

 

Մինչև Բաքու ընկած ճանապարհը լրագրողներին ուղեկցել են, ու մայրուղու ամեն մի հատվածում մեքենաները փոխվել են: Թղթակիցների խոսքերով՝ իրենց հետևել են մինչև օդանավակայան հասնելը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վտարել են Ադրբեջանից։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ 



Նրա խոսքով՝ իրենց նյութերում «LifeNews-ը խեղաթյուրել է իրականությունը՝ ներկայացնելով ոչ օբյեկտիվ տեղեկատվություն»։


Հիշեցնենք, որ ադրբեջանական սահմանամերձ շրջաններ այցելած LifeNews հեռուստաալիքի լրագրողն իր ռեպորտաժում հայտնել էր, որ մարդիկ վախեցած են և զանգվածաբար լքում են իրենց տները։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին