Կարևոր իրադարձություններ

Մինսկը հերքել է Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին օգնություն տրամադրելու վերաբերյալ ԶԼՄ-ների լուրերը

04 Ապրիլ, 2016 16:41
Մինսկը հերքել է Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին օգնություն տրամադրելու վերաբերյալ ԶԼՄ-ների լուրերը

Բելառուսի ԱԳՆ-ն հերքել է Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին ռազմական օգնություն տրամադրելու մասին որոշ ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, հաղորդում է РИА Новости-ն:

 

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Բելառուսը ռազմական օգնություն է տրամադրում, մասնավորապես՝ զենք է մատակարարում Ադրբեջանին։

 

«Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ներում հնչած հայտարարություններին՝ Բելառուսի կողմից կողմերից մեկին ռազմական օգնություն տրամադրելու մասին, ապա դրանք անհիմն լուրեր են»,- ասված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկի հայտարարությունում։

 

Նրա խոսքով՝ Բելառուսը «միշտ պատրաստ է նպաստել բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանը»:

 

«Ռազմական լուծման կամ ռազմական օգնության մասին չի կարող ոչ մի խոսք լինել»,- հայտարարել է Միրոնչիկը: Նա նշել է, որ «գլխավոր դիրքորոշումը, որից ելնում է բելառուսական կողմը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու հստակ կոչն է, ինչպես դա նշված է ՄԱԿ-ի կանոնադրությունում կամ այլ հեղինակավոր միջազգային-իրավական փաստաթղթերում»։

 

Բելառուսի ԱԳՆ-ում «նախկինի պես վստահ են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և միայն համընդհանուր ճանաչված սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի համապատասխան»։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2016թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:

 

Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:

 

Իգոր Նազարուկին հայտնվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

 

Լրահոս

Դիտել ավելին