Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ավարտված միջուկային անվտանգության գագաթնաժողովը վերջինն է դարձել

02 Ապրիլ, 2016 21:30
ԱՄՆ-ում ավարտված միջուկային անվտանգության գագաթնաժողովը վերջինն է դարձել

Վաշինգտոնում ավարտված Միջազգային անվտանգության չորրորդ գագաթնաժողովը տվյալ ձեւաչափում վերջինն է դարձել: Այդ մասին ասված է մասնակիցների ամփոփիչ կոմյունիկեում, որը հրապարակել է Սպիտակ տունը:

«Մենք հաստատում ենք նվիրվածությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման եւ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր ընդհանուր նպատակներին», — նշված է փաստաթղթում:

Նշվում է, որ միջուկային ահաբեկչության աճող սպառնալիքը միջազգային համագործակցություն է պահանջում, ներառյալ տեղեկատվության փոխանակումը` պետությունների ազգային օրենքների եւ ընթացակարգերի համաձայն:

«Դեռեւս շատ աշխատանք պիտի արվի, որպեսզի «ոչ պետական տարրերի ձեռքերում» չհայտնվեն միջուկային եւ ռադիոակտիվ տարրերը, որոնք նրանց կողմից կարող են օգտագործվել չար նպատակներով», —ընդգծված է կոմյունիկեում:

Փաստաթղթից հետեւում է, որ «միջուկային անվտանգության գլոբալ ճարտարապետության գործում» գլխավոր դեր է հատկացվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԵ):

Միջազգային անվտանգության չորրորդ գագաթնաժողովը ընթացել է Վաշինգտոնում` 2016-ի մարտի 31-ից մինչեւ ապրիլի 1-ը: Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել դրան` նախապատրաստության ընթացքում «փոխգործակցության պակասի» պատճառով: The Washington Post-ում հրապարակված իր սյունակում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին է դիմել` կոչ անելով մասնակցել միջուկային սպառազինության կրճատման բանակցություններին` նշելով, որ Մոսկվան ու Վաշինգտոնը միասին տիրապետում են համաշխարհային միջուկային զենքի 90 տոկոսին: Օբաման նաեւ մատնանշել է Ռուսաստանի կողմից միջին եւ փոքր հեռավորության հրթիռների վերացման մասին համաձայնագրի (ՄՓՀՀ) խախտումները: Ի պատասխան, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե ԱՄՆ-ի հավակնություններն անհիմն են:

Գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին Օբաման հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռազմական հզորության, ոչ թե երկրի ներսում տնտեսական զարգացման վրա շեշտը դնելը դանդաղեցրել է միջուկային զինաթափման գործընթացի հաջորդ փուլում առաջընթացը: Նա ընդգծել է, որ ինքը հանդես է գալիս միջուկային ներուժի կրճատման օգտին, բայց Ռուսաստանը, նրա խոսքով, չի համաձայնում: Միաժամանակ, նշել է Օբաման, «առաջընթացի հնարավորությունները պահպանվում են», հայտնում է RBK-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին