Վաշինգտոնում չկայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն այն պատճառով, որ Իլհամ Ալիևն ասելիք չուներ: Այս մասին «Մեդիակենտրոնում» «Հարցազրույց Շավարշ Քոչարյանի հետ» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Նրա բոլոր գործողությունները դուրս են այն տրամաբանությունից, որը թելադրվում է համանախագահների կողմից, միջազգային իրավունքի կողմից: Այդ տեսանկյունից նա, իրոք, ասելիք չուներ, և ես կարծում եմ՝ դա է հիմնական պատճառը»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին ընթացած Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում են գտնվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, և դրանից առաջ խոսակցություններ կային, որ այս ձևաչափում հնարավոր էր 2 նախագահների հանդիպում: Ավելին՝ մոտ 1 ամիս առաջ 54 կոնգրեսականներ դիմել էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որպեսզի նա փորձեր ճնշում գործադրել Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացի և առաջարկված վերահսկողության մեխանիզմների ներդրման ուղղությամբ:
Այսուամենայնիվ, Ւլյամ Ալիևը հանդիպեց Քոն Քերիի հետ և հանդիպման ընթացքում քննարկվեց Ղարաբաղյան հիմնախնդիրը նույնպես: Ի դեպ, լրագրողի դիտարկման համաձայն՝ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում արժանացավ բավականին բարձր ընդունելության:
«Նախ, բարձր կլիներ, եթե ընդուներ նախագահը կամ փոխնախագահը: Երկրորդ` միջազգային հարաբերություններում սև ու սպիտակ չկա: Այսինքն՝ Ալիևի վարչակարգի վրա գնում է լուրջ ճնշում՝ կապված և՛մարդու իրավունքների, և՛ Ղարաբաղի հարցի կարգավորումը տորպեդահարելու հետ, և առավել ևս՝ այն հանգամանքի հետ, որ նա վտանգում է տարածաշրջանի կայունությունն իր սադրիչ գործողություններով` սահմաններին։ Այդ տեսանկյունից նա գտնվում այդ ճնշման տակ, ինչը ենթադրում է նաև որոշակի մակարդակի հարաբերությունների պահպանում և երկխոսություն»,-մեկնաբանեց ՀՀ փոխարտգործնախարարը:
Թե ինչ են խոսել Քերին ու Ալիևը, դա, իհարկե, Շավարշ Քոչարյանը չի կարող իմանալ, բայց նա արձանագրում է, որ այդ հանդիպումից դուրս գալուց հետո Ալիևը պահը չի կորցրել` աղավաղելու միջազգայինն իրավունքի նորմերը:
«Նա այնպես ներկայացրեց, որ մի տպավորություն կա, որ այդ անձը կարծում է, որ իր մոտեցումներն ավելի վեր են, քան միջազգային իրավունքը , մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության առաջին գլուխը նվիրված է այն նպատակներին, հանուն որոնց ստեղծվել է այն:
Այդ նպատակներից են` խաղաղության պահպանում, բոլոր վեճերի միայն խաղաղ բանակցություններով կարգավորում, ժողովուրդների ինքնորոշման հարգում և համագործակցություն:
Այսինքն՝ ըստ ՀՀ փոխարտգործնախարարի՝ տարածքային ամբողջականությունը երկրորդում է ինքնորոշման իրավունքին` լինելով 2-րդ գլխում:
«Բայց Ալիևի համար դա նշանակություն չունի, նա շարունակում է իր խեղաթյուրված մոտեցումները»,-արձանագրեց Շավարշ Քոչարյանը: