Կարևոր իրադարձություններ

Ճիչեր են արձակել, հարվածել դռներին, այրել սրբիչներ. ՄԻՊ-ը՝ «Նուբարաշենի» միջադեպի մասին

01 Ապրիլ, 2016 16:19
Ճիչեր են արձակել, հարվածել դռներին, այրել սրբիչներ. ՄԻՊ-ը՝ «Նուբարաշենի» միջադեպի մասին

2015 թվականի հոկտեմբերին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյաննահազանգել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենք են գրոհել ՔԿՀ վարչության դիմակավորված աշխատակիցները, քարուքանդ արել, ինչից հետո կալանավորները պատուհաններից սկսել են անօգնական ճիչեր արձակել, շուրջ կես ժամ վայնասուն է եղել, դռներին են խփել: Վերջինս նաեւ ահազանգել էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գիծ, որտեղից արագ արձագանքման խումբ էր մեկնել կալանավայր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հերքել էր, որ ՔԿՀ վարչության աշխատակիցները հարձակվել են  բանտարկյալների վրա՝ նշելով, որ ծառայողական քննության շրջանակներում մի քանի խցերում խուզարկություն է եղել, արգելված առարկաներ, իրեր են հայտնաբերվել, եւ որեւէ բռնություն չի եղել: 

Եվ ահա ՀՀ ՄԻՊ-ն իր տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է այս խնդրին՝ գրելով, որ ըստ հրապարակային տեղեկությունների՝ 2015 թվականի հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացրել, որի ընթացքում բռնություն են կիրառել այնտեղ պահվող անձանց նկատմամբ, ինչի պատճառով վերջիններս սկսել են ճիչեր արձակել, հարվածել դռներին, այրել սրբիչներ:

«Պաշտպանի ուսումնասիրությունների և ծառայողական քննության արդյունքների համադիր վերլուծությամբ հաստատվել է, որ հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությանը մասնակցել են դիմակավորված անձինք, ՔԿՀ-ում պահվող անձանց կողմից այրվել են իրեր, լսվել են գոռգռոցներ, խցերի դռներին հարվածելու ձայներ: Միաժամանակ, կալանավորված անձանց և դատապարտյալների պնդմամբ խուզարկությունն իրականացվել է անբարեկիրթ, կոպիտ և արժանապատվությունը նվաստացնող եղանակով (խուզարկություն իրականացնող ծառայողները հնչեցրել են վիրավորանքներ, ազատազրկվածների իրերը նետել են միջանցք), ինչն էլ դրդել է վերջիններիս կատարելու վերոնշյալ գործողությունները»,- ասվում է օմբուդսմենի հաղորդման մեջ:

Նշենք, որ իր հաղորդման Արդարադատության նախարարությանը վերաբերող բաժնում ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է նաեւ ՔԿՀ-ներում առկա այլ խնդիրների:

Մասնավորապես, խոսքը դատապարտյալներին մոծակների խայթման դեպքերին է վերաբերում, որի մասին խոսում էր նաեւ նախորդ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը եւ որի համար նա արժանացավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի «ծաղրին»:

«Զեկույցում մասնավորապես նշված է մոտավորապես նման մտքեր՝ մոծակը կծել է դատապարտյալին, հատուկ ուսուցում անցած ճանճերը կերել են դատապարտյալին:  Եթե Չե Գեւարան կամ մարդու իրավունքների մյուս առաքյալները հիմա կենդանի լինեին, չգիտեմ ինչ տպավորություն կստանային ձեր զեկույցից: Կարելի՞ է արդյոք այդքան անլրջացնել ՄԻՊ զեկույցը: Անատամ ու ոչինչ չասող զեկույց է»,- ԱԺ-ում հայտարարել էր Ֆարմանյանը:

Եբվ ահա Արման Թաթոյանի օրոք հրապարակված ՄԻՊ զեկույցում այդ մասին նշվում է. «Թե՛ 2014, թե՛ 2015 թվականներին ՔԿՀ-ներում կատարված այցերի ընթացքում դատապարտյալներն ու կալանավորված անձինք գանգատվել են խցերում առկա միջատներից, իսկ ԲԿԱՄ փորձագետներն ականատես են եղել նաև դատապարտյալների ու կալանավորված անձանց ձեռքերի և ոտքերի վրա խայթոցների հետքերի»:

Հ.Գ. Օմբուդսմենն իր հաղորդման մեջ անդրադարձել է նաեւ ՔԿՀ-ների գերբնակեցման, վատ վերաբերմունքի, պահման, սանիտարահիգիենիկ և կոմունալ-կենցաղային անբավարար պայմաններին: Անդրադարձ կա նաեւ ՔԿՀ-ներում ոչ պատշաճ բուժօգնության խնդրին: «Դեռևս կարգավորված չէ պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության պատճառով հետագա պատժի կրումից ազատելու ընթացակարգերը, բացակայում են համապատասխան չափորոշիչները»,- ասվում է զեկույցում:

Անդրադառնալով սննդին՝ օմբուդսմենն ընդգծում է, որ գրեթե բոլոր ՔԿՀ-ների կալանավորված և դատապարտված անձինք վերցնում են միայն հացը, նախաճաշից և ընթրիքից հիմնականում չեն օգտվում: Հիմնական պատճառներից մեկը սննդի անորակությունն ու միատեսակությունն է: 

 

Լրահոս

Դիտել ավելին