Կարևոր իրադարձություններ

«Իսլամական պետության» առաջնորդի նախկին կինը հարցազրույց է տվել շվեդական պարբերականին (լուսանկարներ)

01 Ապրիլ, 2016 14:35
«Իսլամական պետության» առաջնորդի նախկին կինը հարցազրույց է տվել շվեդական պարբերականին (լուսանկարներ)

Շվեդական Expressen պարբերականի պնդմամբ՝ հաջողվել է բացահայտել Սաջա Դուլայմիին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի նախկին կնոջը։

 

Նա պնդում է, որ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ ամուսնացել է 2008 թվականին, երբ մահացել է իր առաջին ամուսինը, ով եղել է Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի թիկնապահը։
Այդ ժամանակ ԻՊ-ի ապագա ղեկավարը կրել է Հիշամ Մուհամեդ անունն ու համալսարանում աստվածաբանության պրոֆեսոր է եղել։

 

Նրանք բաժանվել են ամուսնանալուց 3 ամիս անց, քանի որ ալ-Բաղդադին իր առաջին կնոջը չէր հայտնել, որ ամուսնանում է երկրորդ անգամ։ Դուլայմին պնդում է, որ տղամարդը դրանից հետո փնտրել է իրեն ու սպառնացել է խլել իրենց դստերը։

 

Դուլայմիի խոսքով՝ ալ-Բաղդադին դեռևս այն ժամանակ առեղծվածային մարդ էր, քիչ էր խոսում, կնոջ հետ չէր կիսվում իր պլանների մասին, անհետանում էր մի քանի օրով։

 

«Ես հղիության երկրորդ ամսում էի, սակայն մեզնից ոչ ոք չգիտեր այդ մասին։ Ես հեռացա նրանից։ Կարելի է ասել՝ փախա։ Ես նրա հետ ընդհանուր ոչինչ չունեի, դժբախտ էի։ Եվ դա անարդար էր նրա առաջին կնոջ նկատմամբ։ Նա զայրացած էր, այդ պատճառով էլ ես հեռացա»,-ասել է Սաջա Դուլայմին։

 

2014 թվականին Դուլայմիին ձերբակալել են Լիբանանում՝ Սիրիայի սահմանը հատելու փորձի ընթացքում։ Լիբանանյան իշխանությունները հաղորդել են, որ նա ալ-Բաղդադիի կինն է, սակայն իրաքյան իշխանությունները հրաժարվել են հաստատել այդ տեղեկությունը։

 

NYT-ը նշում է, որ Դուլայմիի պատմությունը վստահություն չի ներշնչել նաև Ուիլ Մաքքանթսին, որը գիրք է գրել ԻՊ-ի մասին։

 

Նրա խոսքով՝ իրաքյան իշխանությունները, նաև ալ-Բաղդադիի համախոհները հայտնել են, որ ԻՊ-ի ղեկավարն ընդամենը երկու կին է ունեցել, այլ ոչ երեք։ Նրանց անունները հայտնի են, իսկ Սաջա Դուլայմիի անունը նրանց թվում չի հիշատակվում։

 

Սաջա Դուլայմիի անունը բազմիցս հայտնվել է լրատվամիջոցների հրապարակումներում, սակայն նրա պատմության հավաստիությունը ստուգել հնարավոր չի եղել։

 

Դուլայմին առաջին ամուսնությունից ունեցած զույգ որդիների ու ալ-Բաղդադիի դստեր հետ

Դուլայմիի գրկում նրա ամենափոքր երեխան է՝ Յուսուֆը

 

 

Լրահոս

Դիտել ավելին