Այս դահլիճում ներկա գտնվող յուրաքանչյուր անձնավորություն գիտի, թե հիմա ինչ է այստեղ կատարվում՝ Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը, այսպես կոչված մանդատը վայր դնելու մասով, և Դուք եկել եք նրա հետևից Ազգային ժողով:
Այս մասին Աժ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Խամոյանը նշեց, որ հիմա Ազգային ժողով եկել է ոչխարների գործով, Հովիկ Աղազարյանի հետևից։ «Սա փաստորեն ձեզ համար հիմք չի հանդիսացել հաղորդում հանցագործության մասին, թե՞ մենք հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ ինչպես այս դրվագով, այնպես էլ բազմաթիվ այլ դրվագներով, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է և զրպարտել է»,- ասաց պատգամավորը:
Վարդապետյանն, ի պատասխան, նշեց, որ ինքը քաղաքական հայտարարություններ չի անում:
«Տիկի՛ն դատախազ, դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, ներողություն եմ խնդրում, բայց դուք քաղաքական պատվեր եք անում, որովհետև նույն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը էլի բառացի մեջբերում եմ, հայտարարել է՝ ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ քաղաքական, բարոյական և այլ լծակներ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար»,- ասաց Խամոյանը: