Կարևոր իրադարձություններ

62 համարի երթուղայինի վարորդը հայհոյել է փաստաբանին. նախաձեռնվել է քրեական վարույթ

10 Մարտ, 2025 18:00
  62 համարի երթուղայինի վարորդը հայհոյել է փաստաբանին. նախաձեռնվել է քրեական վարույթ

Aravot.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ Երևանի քաղաքապետարանին պատկանող թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդներից մեկը փաստաբան Քրիստինե Ստեփանյանի հետևից սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել:

Ըստ փաստաբանի՝ վարորդը հրաժարվել է կանգնել սահմանված կանգառում, ու ինքը ստիպված է եղել ծանր պայուսակներով իջնել կանգառից հեռու և քայլել սառույցների վրայով:

Shabat.news-ը կապ հաստատեց «Երևանի ավտոբուս»-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ՝ փորձելով մեկնաբանություն ստանալ տեղի ունեցածի վերաբերյալ:

«Հիմա կա գրություն միայն, որ տեսախցիկ են ուզել և պատասխան է տրվել։ Եթե օրինակ լիներ ուղղակի բողոք, անգամ առանց ոստիկանության կամ քննչականի գրության, անգամ առանց գրագրության, տեղում տեսախցիկով կնույնականացվեր, ընթացք կտրվեր»,-մեզ հետ զրույցում ասաց խոսնակը՝ հավելելով, որ, ըստ ընթացակարգի, եթե բողոքը լինում է նույնականացված, ոչ թե ընդհանրական, գոնե երթուղու կամ տրանսպորտի համար է նշվում, ընթացք են տալիս ու մեղավորության դեպքում խիստ պատժում վարորդին, ընդհուպ հեռացում:

Ասատրյանի փոխանցմամբ՝ նույնն արվում է նաև առանց բողոքի՝ մասնագետների կողմից օնլայն ռեժիմով խնդիր արձանագրելու դեպքում։

«Այս դեպքում չունենք արձանագրում, ունենք միայն քննչականից գրություն, որ տեսախցիկ են ուզել, պատասխանել ենք»,-եզրափակեց խոսնակը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ Shabat.news-ին փոխանցեց, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին