Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպումների ընթացքում անդրադարձել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման քայլերին (լուսանկարներ)

04 Փետրվար, 2025 08:06
Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպումների ընթացքում անդրադարձել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման քայլերին (լուսանկարներ)

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Վատիկանի միջև հանձնախմբի ատենապետ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քահանա Կարապետյանի հետ:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքում հայապահպանությանը և առկա հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է լեզվի և մշակույթի պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այս հարցերում պետական օժանդակության նշանակությունը։ 

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը միտված քայլերի շուրջ:  

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Nahigian Strategies» կազմակերպության նախագահ Քիթ Նահիգյանին: Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: 

Անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս համատեքստում կարևորվել է բալանսավորված և բալանսավորման քաղաքականության հետևողական իրականացումը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ:  Քննարկվել են Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու առաջմղմանը վերաբերող հարցեր: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հնարավորություններ է բացում երկկողմ կապերի ընդլայնման ուղղությամբ և հույս հայտնել, որ համագումարը կշարունակի ջանքերը` միտված տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմանը: 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Իրական Հայաստանի գաղափարախոսության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին