Կարևոր իրադարձություններ

Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը

11 Հունվար, 2025 12:24
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը

Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում են ջերմաստիճանային ինվերսիաներ (երբ ըստ բարձրության նկատվում է ջերմաստիճանի աճ), որն ուղեկցվում է ցածր հարկի ամպամածությամբ և մառախուղներով։

Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:

Վերջին 2 օրերին հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում ինվերսիոն շերտ է առաջացել ծովի մակերևույթից 1500-2000 մ բարձրություններում (բարձրացած ինվերսիա), որն ընդգրկում է Շիրակի և Արագածոտնի մարզերը, Արարատյան դաշտը՝ իր նախալեռնային գոտով, և Վայոց ձորի նախալեռնային հատվածները։

Հանրապետությունում ինվերսիոն շերտի առկայության պայմաններում միաժամանակ շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում, որը 1600-2000 մ բարձրություններում արտահայտվում է խիտ մառախուղի, իսկ ավելի ցածր բարձրություններում` ամպամածության տեսքով։

Այս երևույթով պայմանավորված՝ հանրապետության տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն։

Այսպես՝ հունվարի 10-ի ժամը 14։00-ի դրությամբ Կապանում և Դիլիջանում օդի ջերմաստիճանը եղել է +14․․․+15°C, իսկ Աշոցքում՝ -11°C։

 

 

Լրահոս

Դիտել ավելին