Մալթայի կառավարությունը, Եվրոպայի Խորհրդում Մալթայի նախագահությամբ և ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերության աջակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 27-30-ը Մալթայի Վալետա քաղաքում հյուրընկալելու է Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիան (EYWC): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառմանը կարող են մասնակցել՝
երիտասարդության ոլորտի հետազոտողներ կամ դասավանդողներ,
երիտասարդական աշխատանքի ծառայություն մատուցող կառույցի ներկայացուցիչներ,
երիտասարդական կազմակերպությունների հովանոց կառույցի ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակցության բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը՝ հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/zdbmdv2r:
Հաշվի կառնվեն նաև՝
տեղական երիտասարդական աշխատանքի և ժողովրդավարության եվրոպական համաժողով (2024 թ. փետրվար, Բրյուսել) հիմնական փաստաթղթերի առկայությունը,
երիտասարդական աշխատանքի վերաբերյալ եվրոպական երիտասարդական քաղաքականության առկա ռազմավարությունների քարտեզագրումը և հաշվառումը,
ԵՄ-Եվրոպայի խորհրդի երիտասարդական գործընկերության ծրագրերը, որոնք վերաբերում են երիտասարդական աշխատանքին, ներառյալ «Տեսանելի արժեքի մասին» սիմպոզիումը:
Երիտասարդական աշխատանքի եվրոպական կոնվենցիաները (EYWCs) կանոնավոր և նշանակալից ֆորումներ են (անցկացվում են հինգ տարին մեկ՝ սկսած 2010 թ.-ից)՝ նախատեսված հիմնականում երիտասարդական աշխատանքի պրակտիկ գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտային այլ կարևոր դերակատարների ներգրավմամբ, ինչպիսիք են՝ քաղաքականություն մշակողները, հետազոտողները, կամավոր երիտասարդական կազմակերպությունները և երիտասարդական ծառայությունները: Ֆորումների նպատակն է խթանել երիտասարդների աշխատանքի զարգացումը և բացահայտել ուղղություններ՝ հետագայում պրակտիկ երիտասարդական աշխատանքին աջակցելու և երիտասարդական աշխատանքի դերն ամրապնդելու համար:
Երիտասարդական աշխատանքի եվրոպական IV կոնվենցիայի աշխատանքները նախատեսված են ամփոփելու նախորդ երեք կոնվենցիաների արդյունքները:
Ծրագրերն ու գործունեությունն իրականացվում են ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերության կողմից՝ ԵՄ երիտասարդության ռազմավարության 2019-2027 թթ. «Ներգրավել, միացնել, հզորացնել», Եվրոպայի խորհրդի «Երիտասարդության ոլորտի ռազմավարություն 2030», Եվրոպական երիտասարդական աշխատանքի օրակարգի շրջանակում:
Մասնավորապես կոնվենցիան ձգտում է ձևավորել և առաջ մղել Եվրոպական երիտասարդական աշխատանքի օրակարգը (EYWA) և ապահովել ինչպես համաչափություն, այնպես էլ շարունակականություն երիտասարդական աշխատանքի քաղաքականության մշակման և իրականացման, ճանաչման և որակի պրակտիկայի խթանման գործում: