ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով և ամենամյա պլանով նախատեսված միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից իրականացվել է համալիր ստուգումների լայնածավալ շարք։ Երևան քաղաքի ամբողջ տարածքում ստուգվել են գործող և նոր տեղադրված հրշեջ հիդրանտները, իրականացվել դրանց համապատասխանության և տեխնիկական վիճակի մանրամասն գնահատում։
2024 թվականի ընթացքում հանրապետությունում տեղադրվել է 101 նոր, իսկ վերանորոգվել արդեն իսկ առկա թվով 71 հիդրանտ: Այս աշխատանքները կարևոր են հատկապես հրշեջ ավտոմեքենաների տեխնիկական պարամետրերին համապատասխանության ապահովման համար, ինչը հնարավորություն է տալիս փրկարարներին արագ և արդյունավետ արձագանքել ցանկացած հրդեհի։
Փրկարար ծառայության ԵՓՎ ենթակա ստորաբաժանումների ծառայողները մի շարք հասցեներում իրականացրել են հակահրդեհային ջրաղբյուրների և հրշեջ հիդրանտների ստուգումներ, ուսումնասիրել են հրդեհաշիջման տարածքի օբյեկտների օպերատիվ-տակտիկական առանձնահատկությունները:
Մասնավորապես ստուգվել են «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն», «Հայաստանի ազգային գրադարան», «Հայաստանի ազգային պատկերասրահ», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ», ««Մատենադարան» Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ», «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-երում, ինչպես նաև «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերի, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-երի, «Տաշիր», «Ռոսիա Մոլ», «Էրեբունի Մոլ», «Դալմա Գարդեն Մոլ», «Երևան Մոլ», «Մեգա Մոլ», «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնների, «Գում»-ի և «Մալաթիա» շուկաների տարածքներում առկա հակահրդեհային ջրաղբյուրներն ու հրշեջ հիդրանտները:
Նմանատիպ միջոցառումներն իրականացվում են, որպեսզի վեր հանվեն թերությունները և օբյեկտների ղեկավարության քննարկմանը ներկայացվեն առաջարկություններ անսարքությունների վերացման, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարման, հրդեհաշիջման համակարգերի ու սարքավորումների վերազինման ուղղությամբ, կազմակերպվեն և աշխատանքներ տարվեն վնասված և ասֆալտապատման հետևանքով գետնի տակ մնացած հրշեջ հիդրանտների վերանորոգման, իրենց ձևով և տրամագծով հրշեջ ավտոմեքենաների մարտավարատեխնիկական տվյալներին չհամապատասխանող հիդրանտները գործածելի դարձնելու ուղղությամբ։
Պլանային աշխատանքները մեծ նշանակություն ունեն, քանի որ հրշեջ հիդրանտների սարքին ու լավ տեխնիկական վիճակում գտնվելը անհրաժեշտ պայման են արագ և արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու գործում, ինչն էլ իր հերթին, կարևոր է քաղաքացիների անվտանգության և հասարակական բարեկեցության ապահովման համար։