ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա աջակցությունը փոխանցվել է։ Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից։
Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թվականի հունվարից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր։
Աջակցությունը կտրամադրվի հետևյալ չափերով՝
2025 թ․ հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։
2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝
· մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
· 63 և ավելի տարեկաններ,
· կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:
2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար։
Եթե ԼՂ հայրենակիցներն արդեն իսկ օգտվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա։