Ներքին գործերի նախարարության հայտարարած՝ մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների կամ լրատվական նյութերի բաց մրցույթը շարունակվում է։
Մրցույթի նպատակն է ամրապնդել ՆԳՆ-հասարակություն կապը, ապահովել թափանցիկ, հաշվետվողական համագործակցություն՝ ընդգծելով ոլորտային հիմնական ուղերձների հասցեականությունը, խնդիրների վերհանումը և դրանց մասնակցային լուծումների ապահովումը։
Մրցույթի թեմաներն են՝
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ,
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անչափահասների շրջանում,
Կանայք ոստիկանությունում. մարտահրավերներ, կարծրատիպեր, առավելություններ (Մրցանակը տրամադրվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում):
Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, որի կազմում կընդգրկվեն ինչպես ՆԳՆ և ենթակա կառույցների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մրցույթային թեմաներից յուրաքանչյուրը կունենա առանձին անվանակարգ:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն։
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ, թղթակիցներ, բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ և այլն։
Գնահատման չափորոշիչներն են՝
նյութի ներկայացման տեխնիկական որակ՝ կառուցվածք, տեսաձայնային, մուլտիմեդիա գործիքների օգտագործում,
առանցքային ուղերձների ներկայացում, խնդիրների վերհանում, լուծման ուղիներ,
մասնագիտական չափանիշներ և էթիկա՝ հավասարակշռություն, փաստերի ստուգում, ճշգրտություն, նորարարություն, ստեղծարար և վերլուծական մոտեցում։
ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը պատրաստ է կազմակերպչական հարցերում աջակցելու մասնակցության հայտ ներկայացրած անհատներին և կազմակերպություններին։
Ուշադրություն. մրցույթի շրջանակում չեն դիտարկվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որևէ դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2024 թ. դեկտեմբերի 13-ը, [email protected] էլ-փոստի հասցեին՝ պարտադիր նշելով մրցույթին ներկայացվող նյութի թեման, հեղինակի անունը և ազգանունը, հեռախոսի համարը, լրատվամիջոցի անվանումը (առկայության դեպքում)։
Հարցերի դեպքում զանգահարել 010-59-67-75 հեռախոսահամարով։