ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը՝ մի շարք անվանակարգերով՝ ըստ 2024 թվականի արդյունքների մարզաշխարհի լավագույններին որոշելու նպատակով:
Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվելու է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով:
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվելու է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կկարողանա մասնակցել միայն մեկ անգամ:
Քվեարկությունը մեկնարկելու է մրցույթի մասնակիցների անվանացանկերը ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում հրապարակվելուց անմիջապես հետո: Մրցույթի կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը մրցույթի մասնակիցների անվանացանկերը տրամադրելու է նախարարությանը, որն էլ մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ հրապարակվելու է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում:
Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես:
Հիշեցնենք՝ հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների ամբողջական ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝
լավագույն 3 մարզիկներ,
լավագույն կին մարզիկ,
հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,
լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),
լավագույն երիտասարդ մարզիկ,
վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,
լավագույն մարզիչ,
հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: