Կարևոր իրադարձություններ

Պետական կառույցները քննարկել են ԵՄ օրենսդրությանը մոտարկման պարտավորություններն ու իրականացված աշխատանքը

07 Նոյեմբեր, 2024 19:28
Պետական կառույցները քննարկել են ԵՄ օրենսդրությանը մոտարկման պարտավորություններն ու իրականացված աշխատանքը

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ աջակցությունը ՀԸԳՀ մշտադիտարկմանը, կատարմանն ու հաղորդակցությանը» ծրագիրն իրականացրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող (ՀԸԳՀ) մոտարկման պահանջների, գործընթացների և խնդիրների թեմայով աշխատաժողով:

Աշխատաժողովի նպատակն էր՝ աջակցել Արդարադատության նախարարությանը և առանցքային գերատեսչությունների ներգրավված անձնակազմին՝ արդյունավետորեն իրականացնելու ՀԸԳՀ-ի շրջանակներում ստանձնած Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման պարտավորությունները:

Բացման խոսքով ներկայացել են «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Հայրապետյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրնակ Հեսսը և «ԵՄ աջակցությունը ՀԸԳՀ մշտադիտարկմանը, կատարմանն ու հաղորդակցությանը» ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ղեկավար Յուջին Ստյուարտը: Նրանք կարևորել են իրավական մոտարկման նշանակությունը ինչպես ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից, այնպես էլ Հայաստանում սոցիալ-տնտեսական հարաբերությունների բարելավման տեսանկյունից:

Տիգրան Դադունցը նշել է, որ ԵՄ օրենսդրության մոտարկման համապատասխանության ստուգման գործընթացը մեկնարկել է 2024թ. հունվարից և այս մեխանիզմով արդեն ստուգում է անցել շուրջ 20 նորմատիվ իրավական ակտի նախագիծ: «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենն ընդգծել է, որ մոտարկման համապատասխանության ստուգման ենթակա նախագծերի ստացման պարբերականությունը արդեն տարեվերջին աճման միտումներ է դրսևորում:

Աշխատաժողովի ընթացքում Յուջին Ստյուարտը, Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը և ԵՄ օրենսդրության մոտարկման համապատասխանության ստուգման աշխատանքներին ներգրավված փորձագետ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել են մոտարկման գործընթացի ընդհանուր բնութագիրը, դրա շրջանակներում հաճախ առաջացող մարտահրավերները, ինչպես նաև քննարկել ներկաների բարձրաձայնած այլ հարցադրումներ:

Քննարկումների արդյունքներով՝ ներկաները պատրաստակամություն են հայտնել այսուհետև ավելի հետևողական լինել ԵՄ օրենսդրության մոտարկման առնչությամբ աշխատանքների նկատմամբ և ձևավորել մոտարկման համապատասխանության ստուգման օրինակելի պրակտիկա:

 

Լրահոս

Դիտել ավելին