Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    571
    583

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Պարզվել է Գյումրիում տեղի ունեցած խուլիգանության մասնակիցների շրջանակը

21 Հոկտեմբեր, 2015 22:30
Պարզվել է Գյումրիում տեղի ունեցած խուլիգանության մասնակիցների շրջանակը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրիում օգոստոսի 20-ին որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության մի շարք հանգամանքները: 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամլո ծառայությունից:

2015 թվականի օգոստոսի 20-ին «Գյումրի» Բ/Կ-ից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի և աջ ձեռքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Սուրեն Առաքելյանը։

Երիտասարդի՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաքիչի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու համար օպերատիվ ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նա դանակահարվել է Գյումրի քաղաքում մի քանի այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության և ծանր մարմնական վնաս պատճառելու համար, որի հետագա նախաքննությունը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել են մի շարք քննչական գործողություններ՝ պարզելու մասնակիցների իրական շրջանակն ու նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, շարժառիթը։ Պահանջվել և զննության են ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները:

Նախնական քննության տվյալներով՝ ՍՊ ընկերության առաքչի և երկու բանվորների հետ սկզբում վիճաբանել են 3 անչափահասներ, ապա՝ որոշ ժամանակ անց նրանց են միացել չափահաս երիտասարդներ՝ զինված մահակներով, նրանցից մեկը՝ նաև կացնով, մյուսը՝ դանակով։ Վերջիններս, վնասելով Սուրեն Առաքելյանի վարած ավտոմեքենան, մահակներով հարվածելով, հետապնդել են նրան փողոցի ամբողջ երկայնքով, իսկ երբ Սուրեն Առաքելյանը փախուստի դիմելու համար նստել է պատահական ավտոմեքենա, նրա առողջությանը դանակի գործադրմամբ պատճառվել է ծանր վնաս:

Քննության արդյունքներով՝ 7 անձի որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։ Մեկ անչափահասի մեղադրանք է առաջադրվել՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, ում նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը հետագայում նույն դատարանի որոշմամբ փոխարինվել է գրավով։ Երկու անչափահասին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի հսկողությանը հանձնել։

Գյումրիի բնակիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար , որը կատարվել է խուլիգանական դրդումներով, և 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, և կալանավորվել է։

Հոկտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել նաև 5-րդ անձին՝ Սահակյանին, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ռուբեն Սահակյանի և Արման Քյափանակցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջնոցներ ձեռնարկել՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին