Հայաստանի անկախության տոնը Հայաստանի պետական և ազգային տոներից մեկը։ Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։
Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, իսկ յուրաքանչյուր հինգ տարին մեկ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ։
Երևանում Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթներ կազմակերպվել են 1992, 1996, 1999, 2006, 2011 և 2016 թվականներին, իսկ 2026 թվականին նախատեսվում է նաև զորահանդես։ 2021 թվականին անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակում շքերթի փոխարեն համերգ է տեղի ունեցել։