Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։
Ինչպեսհայտնում է հայտնում է shamshyan.com-ը, պարեկները շտապ մոտեցել են նշված վայր ու նկատել են Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված «Mercedes G 55» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներ։ Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել են փախուստի, սակայն պարեկները, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել են նրանց։ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով, որ չի կարողանում ճողոպրել պարեկներից, ավտոմեքենան թողնում է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի հատվածում և դուրս է գալիս մեքենայից ու փախնում, իսկ «յաշիկ»-ին պարեկները հետապնդում են ու Արշակունյաց պողոտայում՝ ոսկերչական գործարանի մոտ, կարողանում են վնասազերծել «Mercedes G 55»-ը։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերում են կրակված 1 պարկուճ ու մինչ դեպքի վայրում հետախուզական աշխատանքներ էին կատարում ոստիկաններն ու պարեկները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ասրյանն է, ով անմիջական առնչություն է ունեցել «յաշիկի» և «Toyota Camry»-ի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին և հենց այդտեղ էլ վնասվածքներ է ստացել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներըպարզել են նաև, որ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում «Toyota Camry»-ի և «Mercedes G 55»-ի վարորդների միջև միմյանց չզիջելու համար առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում «Toyota Camry»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։
Կարճ ժամանակ անց Արշակունյաց 16 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով Երևանի գնդի պարեկները ձերբակալում և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 30-ամյա Ավետիք Հակոբյանին, իսկ Տ․ Ասրյանը հիվանդանոցում վերցվում է ոստիկանների հսկողության տակ։