Կարևոր իրադարձություններ

Գիտաժողովում քննարկվել են ֆունկցիոնալ սննդամթերքին առնչվող բազմաբնույթ հարցեր, մասնավորապես՝ առողջապահության ոլորտի ուսումնասիրություններ և գիտական ապացույցներ

10 Սեպտեմբեր, 2024 14:40
Գիտաժողովում քննարկվել են ֆունկցիոնալ սննդամթերքին առնչվող բազմաբնույթ հարցեր, մասնավորապես՝ առողջապահության ոլորտի ուսումնասիրություններ և գիտական ապացույցներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է «Կենսաակտիվ միացությունների հայտնաբերում, հետազոտություն և օգտագործում՝ առողջ և ֆունկցիոնալ սննդամթերքի զարգացումը» թեմայով 32-րդ արբանյակային միջազգային գիտաժողովին և ցուցահանդեսին։ Գիտաժողովը կազմակերպվել էր ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի կողմից։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը և Ֆունկցիոնալ սննդի կենտրոն/ինստիտուտի հիմնադիր Դանիկ Մարտիրոսյանը։

«Այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի բացահայտել սննդամթերքի արդյունաբերության զարգացման միտումները և մատնանշել այն մարտավարական քայլերը, որոնք առնչվում են ֆունկցիոնալ սննդամթերքի օգտագործմանը», - նշել է Տաթևիկ Սարգսյանը։

Գիտաժողովում քննարկվել են ֆունկցիոնալ սննդամթերքին առնչվող բազմաբնույթ հարցեր, մասնավորապես՝ առողջապահության ոլորտի ուսումնասիրություններ և գիտական ապացույցներ, ֆունկցիոնալ սննդի բաղադրիչների նոր և այլընտրանքային տարրեր, շուկայի իրավիճակ, աճման միտումներ և սպառողների նախասիրություններ, առկա մարտահրավերներ և դրանց կարգավորումներ, և այլ հարցեր։

Գիտաժողովին զուգահեռ ՀԱԱՀ-ում բացվել է նաև ցուցահանդես, որտեղ տեղական և արտասահմանյան արտադրողները ներկայացնում են իրենց գյուղատնտեսական արտադրանքը՝ մսամթերք, կաթնամթերք, մեղր, մեղրամթերք, հրուշակեղեն, մրգաչրեր, խմիչքներ, հավաստագրված բանջարաբոստանային և հատիկաընդեղեն սերմեր, հայկական դեղաբույսեր, թեյեր և այլն։

Ֆունկցիոնալ սննդի կենտրոն/ինստիտուտը ֆունկցիոնալ սննդամթերքի գնահատման և ֆունկցիոնալ սննդագիտության բնագավառում հանրային կրթության ոլորտների համաշխարհային առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1998 թվականին։

 

Լրահոս

Դիտել ավելին