Կարևոր իրադարձություններ

«Ճախրուկ»-ն արժեքներ ձևավորելու ու դրանք փոխանցելու կարևորության մասին է. ՄԻՊ

01 Սեպտեմբեր, 2024 18:12
«Ճախրուկ»-ն արժեքներ ձևավորելու ու դրանք փոխանցելու կարևորության մասին է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 31-ին ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 4-րդ փառատոնին։

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը, որի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, անցկացվել է Տավուշի մարզի Գոշ բնակավայրում:

Փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող անձանց խմբեր և անհատ կատարողներ Ղազախստանից, Սիրիայից և Հայաստանի բոլոր մասնագիտացված մանկատներից, խնամքի կենտրոններից, հատուկ կրթահամալիրներից:

Այս տարի փառատոնի բոլոր մասնակիցները ստեղծել են Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավը, տեղի է ունեցել նաև երաժշտախմբի երեխաների կողմից պատրաստված «աման-չաման» կավե սպասքի ցուցահանդեսը:

«Այն ամենը, ինչ չի փոխանցվում, կորսվում է։ Իսկ դա նշանակում է, որ պետք է կարողանանք ոչ միայն արժեքներ ձևավորել, այլ նաև դրանք փոխանցել, ոչ միայն սիրել, այլ նաև մեր հոգում եղած սերը միմյանց փոխանցել: Ուզում եմ արձանագրել, որ «Ճախրուկ»-ը սիրո մասին է, արժեքներ ձևավորելու ու դրանք փոխանցելու կարևորության մասին է»,- ասել է Անահիտ Մանասյանը:

«Ճախրուկ» միջազգային 4-րդ փառատոնի գործընկերներն են Մարդու իրավունքների պաշտպանը, Գլխավոր դատախազությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունը, ԱՍՀՆ Խարբերդի մասնագիտացված մանկատունն ու «Իմ քայլը» հիմնադրամը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին