Կարևոր իրադարձություններ

Իմ կյանքի ամենակարևոր նվերն ընծայեցի հայրենիքին. լույս է տեսել «Նվիրյալը» գիրքը .«Փաստ»

24 Օգոստոս, 2024 09:44
Իմ կյանքի ամենակարևոր նվերն ընծայեցի հայրենիքին. լույս է տեսել  «Նվիրյալը» գիրքը .«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օգոստոսի 20-ին ընթերցողի սեղանին դրվեց Հայկական բանակի սպա, ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի մասին պատմող գիրքը: Ալինա Մխեյանի հեղինակած «Աբրահամ Մարուխյան. նվիրյալը» գրքում զետեղված են հեղինակի՝ նրան նվիրված բանաստեղծությունները, Աբրահամի հեղինակած չափածո և արձակ ստեղծագործությունները, բայց, ինչպես Ալինան է նշում, գրքի հիմքում հերոսի մասին իրապատումներն են։ Գրքում տեղ են գտել նաև Աբրահամի լուսանկարները, տարբեր լրատվամիջոցներում լույս տեսած և նրա մասին պատմող հոդվածները, ծնողների և ընկերների հուշերը:

Հեղինակն ասում է՝ շատ կարևոր է, որ գիրքը գրված լինի իրական փաստերի հիման վրա: «Աբրահամի մասին գրելը մեծ պատասխանատվություն էր, նա մեր հայրենիքի ու հայ ժողովրդի նվիրյալն էր: Առհասարակ, իմ «Գովք անմահ հերոսներին» գրքի բոլոր հատորներում ներառված հայորդիների մասին ստեղծագործել եմ մեծ ցավ ու ափսոսանք զգալով: Մեր ազգն անարդար կռվում այսքան հզոր հայորդիներ կորցրեց։ Հուսով եմ, որ ընթերցելով «Նվիրյալը» գիրքը՝ ամեն մի հայ կզգա իրական հայրենասիրության ոգին, որ եղել է Աբրահամի մեջ։ Համոզված եմ, որ նա իր տեսակով հայրենասիրության մեծ ուսուցիչ կլինի յուրաքանչյուր հայի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրքի հեղինակը: Ալինան բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ է ձոնում մեր հերոս տղաներին, արդեն յոթ գրքի հեղինակ է

Աբրահամին նվիրված գրքի շնորհանդեսին ներկա էին ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, հարազատ՝ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները: Երեկոն սկսվեց դեպի երկինք ուղարկվող ծափահարություններով: Տեսանյութերը պատմեցին Աբոյի մասին, նրա անկրկնելի ձայնը րոպեներ շարունակ հոսեց ներկաների երակներով արյան փոխարեն: «Երազ իմ երկիր հայրենին...» այդ երեկո այլ երանգներ ստացավ բոլորիս համար: Վստահաբար, շատերս Աբոյի ձայնի ուղեկցությամբ էլ տուն հասանք, մեր առօրյա գործերին անցանք, պառկեցինք քնելու՝ մեղավորության անասելի զգացում ունենալով, թե ինչո՞ւ պետք է այսպես լիներ, որտե՞ղ մեզանից յուրաքանչյուրը թերացավ:

Շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրված, այն համընկնում էր Աբոյի հայրիկի՝ Տիգրան Մարուխյանի ծննդյան օրվա հետ: Երբ հայրիկը բեմ բարձրացավ, ծննդյան շնորհավորանքից հետո նրան խնդրեցին մի քանի խոսք ասել:

Եվ նա խոսեց. «Ես կյանքում մի կարևոր նվեր եմ ունեցել՝ իմ զավակները: Ես իմ նվերն ընծայեցի հայրենիքին ու հպարտ եմ, որ այդպիսի որդի ունեմ: Մեծ ցավ ունեմ սրտումս, որ նա մեզ հետ չէ»: Հայրիկի խոսքն ընդհատում էր հուզմունքը. որքան էլ ծնողները փորձում են ամուր լինել, պինդ մնալ հանուն իրենց որդիների, հատկապես նման օրերին անասելի բարդ է ի մի բերել մտքերը, որոնց ընթացքին խանգարում են ցավն ու անզորությունը: Բոլոր զգացումները միախառնվում են: Միախառնվում են նաև մեր պարագայում: Չգիտենք՝ ի՞նչ ասել, չգիտենք՝ մեր ասած սփոփանքի կամ քաջալերանքի խոսքերն ի՞նչ արժեք ունեն: Հայրիկին շնորհավորելուց հետո նշեցի, որ շատ բան ասել չեմ կարող, միայն այն, որ մեծագույն երջանկություն է նման որդի ունենալը: Նա էլ արձագանքեց. «Այո, ուղղակի շատ քիչ էր»: Նկատի ուներ միասին անցկացրած ժամանակը: Աբրահամը զոհվել է 25 տարեկանում: Ծնողի համար դա բավարար ժամանակ չէ որդու սիրով հագենալու համար:

Պատերազմը շատերիս թաքուն պահված զգացումներն ի ցույց դրեց: Միշտ սովոր էինք տեսնել ամուր տղամարդկանց, որոնք չեն գոռում, չեն լալիս, չեն հուզվում, որոնք ցավն ամրությամբ են հաղթահարում: Ես այդ օրը դահլիճում նստած ու աչքերը սրբող տղամարդկանց տեսա, որոնք չէին կարողանում զսպել հուզմունքը, երբ էկրանին հայտնվում էին Աբոյի նկարները, խոսքն ուղղված մայրիկին, երբ հնչում էր նրա ձայնը: Ամեն օր առերեսվում ենք մեզ բաժին հասած ողբերգությանը, բայց երևի թե ինքնամաքրվելու այլ տարբերակ չկա»: 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին