Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են «Արհեստական բանականության սերունդ» փորձարարական ծրագրի ընդլայնման հնարավորությունները (լուսանկարներ)

24 Հուլիս, 2024 17:50
Քննարկվել են «Արհեստական բանականության սերունդ» փորձարարական ծրագրի ընդլայնման հնարավորությունները (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Քննարկվել են 2023 թ. սեպտեմբերից Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 ավագ դպրոցներում FAST-ի հետ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի մանրամասները, վերջինիս ընդլայնման հնարավորություններն ու հետագա համագործակցության հեռանկարները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ շարունակական և արդյունավետ համագործակցությունն ու նոր գաղափարների փորձարկման հնարավորությունը, որը հանրակրթության ոլորտում բարեփոխումների կարևոր բաղադրիչներից է: Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է այն փաստը, որ ծրագրի շնորհիվ շուրջ 400 աշակերտի համար հասանելի է դառնում խորացված մաթեմատիկայի, Python ծրագրավորման լեզվի անվճար ուսուցումը, լրացվում է ոլորտում ԱԲ մասնագետների բացը։

Այդուհանդերձ, նախարարի դիտարկմամբ՝ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի առաջընթացի առումով առկա են որոշ մարտահրավերներ՝ կապված դպրոցների տեխնիկական հագեցվածության և ուսուցիչների պատրաստվածության հետ:

«Նախաձեռնությունը դրական արձագանքներ է ստանում, և ծրագրում ընդգրկված դպրոցները մեծ ոգևորությամբ են ընդունում այն: Պատրաստ ենք շարունակել համագործակցությունն ու միասին աշխատել ծրագրի ընդլայնման ուղղությամբ: Տեխնոլոգիական և մաթեմատիկական կրթության զարգացմամբ ստեղծվում են էապես նոր գործիքներ և պայմաններ, որոնք նպաստում են ԲՏՃՄ կրթության որակի բարելավմանը, ինչը մեզ համար ռազմավարական ուղղություն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը շնորհակալություն է հայտնել հաջող համագործակցության համար: Նրա խոսքով՝ ծրագիրը մեծ հետաքրքրություն է վայելում նաև ՀՀ սահմաններից դուրս. միջազգային գործընկերները ոգևորությամբ են արձագանքում այն փաստին, որ Հայաստանում 15 տարեկան աշակերտներն արդեն արհեստական բանականություն են ուսումնասիրում: Ըստ Արմեն Օրուջյանի՝ հայկական փորձի ուսումնասիրման, կրթական ծրագրի միջազգայնացման ու տեղայնացման ուղղությամբ արդեն իսկ հետաքրքրություն կա արտերկրի մի շարք կրթական հաստատությունների կողմից:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ներկայացրել են նաև ծրագրի առաջին ուստարվա արդյունքները, «ԱԲ սերունդ» կրթական ծրագրում ընդգրկված աշակերտների ձեռքբերումները, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման արդյունքները, ինչպես նաև ոլորտային կառույցների աջակցությամբ իրականացված համագործակցությունը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև այն փաստը, որ ծրագիրը միտված է ապահովելու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման տեսանկյունից։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել մեկտեղելու ջանքերը ծրագրի ընդլայնման և նոր դպրոցների ներգրավման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին