Կարևոր իրադարձություններ

Ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

26 Հունիս, 2024 11:29
Ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված առերևույթ զանգվածային անկարգությունների և խուլիգանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ակցիայի մի խումբ մասնակիցներ, չենթարկվելով տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, խմբով ճնշում գործադրելով ոստիկանների նկատմամբ, փորձել էին ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ:

Հետագա նման գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել էին հատուկ միջոցներ։ Սակայն հավաքի մի խումբ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, կատարել էին խուլիգանություն:

Մասնավորապես, մարդկանց անդորրը խախտելով, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ էին նետել, կոտրել կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ նշված մասնակիցներից 15-ի նկատմամբ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու, իսկ 1-ի նկատմամբ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են, և նրանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։

Հիշյալ մեղադրյալներից 8–ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 5–ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2–ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ 1–ի նկատմամբ՝ վարչական հսկողություն։

Հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում հասարակական կարգի պաշտպանության և հատուկ պահպանվող տարածքների պահպանության պարտականություններ կատարող ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում մի շարք անձինք, այդ թվում նաև 8 լրագրողներ, ճանաչվել են տուժող, գործընթացը շարունակական է։

Վերոնշյալ երկու վարույթներով էլ նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին