Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի` Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությունը

27 Հունիս, 2024 11:49
ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի` Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությունը

ԵԽԽՎ-ն ողջունել է Արդարադատութըան նախարարի` Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությունը. ընդունվել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։

Վեհաժողովը ողջունել է Հայաստանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։

Վեհաժողովը գոհունակությամբ է նշել իշխանությունների կողմից օրենսդրական գործընթացում ներառականության ու թափանցիկության ապահովումը, ինչը հանգեցրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը՝ Վենետիկի հանձնաժողովի մի շարք խորհրդատվությունների համաձայն։

Վեհաժողովը բարձր է գնահատել դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները և գոհունակությամբ նշել Հայաստանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի հետ իրական երկխոսության պատրաստակամությունն ու շարունակական ջանքերը: Միաժամանակ, ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնել, որ դեռ կա տարածված ընկալում, թե դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերը չարաշահվում են՝ նրանց որոշումների վրա ազդելու նպատակով: Ըստ այդմ, վեհաժողովը ողջունել է, որ Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովից կարծիք է խնդրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բարեփոխման հայեցակարգային փաստաթղթի վերաբերյալ, որը ցույց է տալիս այս հարցում ԵԽ մարմինների հետ համագործակցելու քաղաքական կամքը:

Վեհաժողովը դրական է գնահատել համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու՝ իշխանությունների ցուցաբերած իրական վճռականությունը, ինչի վկայությունն է երկու մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների և դատարանների ստեղծումը, դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգումների ներդրումը։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին