Կարևոր իրադարձություններ

Նվիրում ուսուցչին. համերգ՝ Պետրոս Հայկազյանի 100-ամյակին (լուսանկարներ)

29 Ապրիլ, 2024 23:46
Նվիրում ուսուցչին. համերգ՝ Պետրոս Հայկազյանի 100-ամյակին (լուսանկարներ)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրված էր վաստակավոր մանկավարժ, ջութակահար Պետրոս Հայկազյանի 100-ամյակին։

Ուշագրավ է, որ նվագախմբի հետ ելույթ ունեցավ Պետրոս Հայկազյանի աշակերտուհին՝ այժմ Եվրոպայում բնակվող տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը։ Չնայած երիտասարդ տարիքին՝ ջութակահարուհին հասցրել է գրավել աշխարհի մեծ թվով հեղինակավոր բեմեր։

Դիանա Ադամյանը նշում է, որ Պետրոս Հայկազյանը մեծ դեր է կատարել իր կյանքում՝ թե՛ որպես երաժշտության, թե՛ որպես կյանքի ուսուցիչ։ Պետրոս Հայկազյանը թեև այսօր մեզ հետ չէ, սակայն, աշակարտուհու խոսքով, նրանից մի մասնիկ ապրում է իր աշակերտներից յուրաքանչյուրի մեջ։ Պետրոս Հայկազյանի մոտ Դիանա Ադամյանն ուսանել է 6 տարեկանից։ 12 տարիների ընթացքում ուսուցչից ստացել է երաժշտության գաղտնիքները՝ այսօր դրանք փոխանցելով ունկնդրին։

Համերգի ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Պյոտր Չայկովսկու Ջութակի կոնցերտը և Դմիտրի Շոստակովիչի Թիվ 10 սիմֆոնիան։

Դիանա Ադամյանը Չայկովսկու Ջութակի կոնցերտը կատարում էր առաջին անգամ։ «Այս կոնցերտն այն ստեղծագործություններից է, որ ես միշտ ուզել եմ նվագել, սակայն դեռ առիթ չէր եղել։ Մայիսին և ամռանն արդեն Չայկովսկու Ջութակի կոնցերտը կկատարեմ նաև այլ բեմերում»,- ասում է ջութակահարուհին։

Լեփ-լեցուն դահլիճը մեծ ջերմությամբ ընդունեց Դիանա Ադամյանի ելույթը, ով իր հմուտ կատարմամբ ցույց տվեց Պետրոս Հայկազյանի երաժշտական դպրոցի ամբողջ գեղեցկությունը։  

Համերգի երկրորդ մասում նվագախումբը ներկայացրեց Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան։ Հեղինակը 10-րդ սիմֆոնիան գրել է երկարամյա դադարից հետո։ Իր նախորդ՝ 9-րդ սիմֆոնիան նա գրել էր ութ 

տարի առաջ։ Այդ լռությունը Շոստակովիչին պարտադրված էր. բարդ հարաբերությունները խորհրդային ղեկավարության հետ անդրադառնում էին նաև կոմպոզիտորի ստեղծագործական կյանքի վրա։ Շոստակովիչը մեղադրվում էր ֆորմալիզմի մեջ, նրա շատ գործեր արգելում էին կատարել։ Եվ այդ ութամյա լռության արդյունքը տասներորդ սիմֆոնիան էր՝ հեղինակի ամենաբարդ ու խորապես անձնական ստեղծագործությունը, որը սպասված էր և ունկնդիրների ու քննադատների շրջանում արժանացավ հավանության։ Քառամաս սիմֆոնիան կոմպոզիտորի ընդվզումն ու, թերևս, յուրօրինակ վրեժն է իրեն և իր ժամանակներին պատուհասած հալածանքներին:

Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիայի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանությունն ունկնդիրն ընդունեց երկարատև ծափողջույններով։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին