«Փաստ» օրաթերթը գրում է.
«Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2022 թ. օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ: Ըստ պարզաբանման, ներկայում էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն կառավարության ընդունած համապատասխան իրավական ակտերի։ Նշվում է, որ որոշման ընդունումից հետո ծրագրի շրջանակներում դիմել է երկու տնտեսվարող:
Մասնավորապես, նախատեսվում է 5 հա և ավելի մակերեսով հողերի միավորման դեպքում տրամադրել պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում: Միաժամանակ միավորվող հողամասի չափից կախված փոխվել է միավորման անհնարինությամբ պայմանավորված չմիավորվող հողամասերի քանակը և հստակեցվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետբյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, ծրագիրը կիրականացվի էկոնոմիկայի նախարարությանը 2024 թ.-ի համար պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտի շրջանակում։ Հաշվի առնելով, որ 2024 թ.-ին բյուջեով հաստատվել է 300 մլն դրամ, իսկ 1 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի միջին կադաստրային արժեքը կազմում է 2 մլն 293 հազար դրամ, ուստի նախագծով նախատեսված չափով աջակցություն ցուցաբերելու դեպքում նախարարության գնահատմամբ ձեռք կբերվի և կմիավորվի շուրջ 430 հա հողատարածք»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: