Կարևոր իրադարձություններ

Կարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին (լուսանկարներ)

29 Մարտ, 2024 12:16
Կարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, հետևել վերակառուցման աշխատանքների ընթացքին:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին: Մարզադպրոցը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին: Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվուղի՝ տեղակայված շենքի 220 մ պարագծով, 2 մ լայնությամբ։

Շինարարները զեկուցել են աշխատանքների ընթացքի մասինշինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, այժմ մեկնարկել են հարդարման և միջսենյակային պատերի կառուցման աշխատանքները: Մասնավորապես՝ իրականացվում են հանդերձարանների, լոգարանների, ադմինիստրատիվ սենյակների բաժանման աշխատանքները:

Շինարարները ԿԳՄՍ նախարարի տեղակալին զեկուցել են՝ աշխատանքներն ընթանում են նախապես ծրագրածի համաձայն, կհասցնեն ժամանակին ավարտել:

Մարզադպրոցների վերակառուցման և բարեկարգման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «Մարզական օբյեկտների շինարարություն» միջոցառման շրջանակում: Ծրագիրը ներառում է նաև 1727 քմ տարածքի բարեկարգում, ընդհանուր արժեքը ավելի քան 1 մլրդ 14 մլն դրամ է, որը հատկացվել է Կառավարության կողմից։

Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մասնաշենքի մակերեսը 1424 քմ է։ Ներառում է դահլիճ՝ 1076 քմ, 250 նստատեղով տրիբունա, հանդերձարաններ և սանհանգույցներ, ճաշարան, պարի հարթակ, ադմինիստրատիվ և օժանդակ սենյակներ, հարթակ, որը կարող է ծառայել որպես գեղարվեստական մարմնամարզության թանգարան, իսկ մրցումների ժամանակ՝ 20-30 մարդ/տեղով դիտահարթակ հյուրերի համար, նաև ներառում է «Feng shui» հարթակ՝ դեպի հարթ տանիք ելքով։

Հեծանվային մարզադպրոցի երկհարկանի մասնաշենքի մակերեսը 1280 քմ է։ Առաջին հարկում տեղակայված են 70-90 աշակերտի համար նախատեսված 9 խմբասենյակ՝ ելքերով դեպի հեծանվուղի, հանդերձարաններ և սանհանգույցներ, ֆիզպատրաստության դահլիճ, ադմինիստրատիվ և օժանդակ սենյակներ։ Երկրորդ հարկում նախատեսվում է հեծանվասպորտի թանգարան, իսկ տանիքում՝ 75 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։

 

Լրահոս

Դիտել ավելին