Կարևոր իրադարձություններ

Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ (լուսանկարներ)

28 Մարտ, 2024 11:27
Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեին (նստավայրը՝ Մոսկվա):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ բարեկամական կապերի զարգացման:

ՀՀ-ում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկկողմ կապերի զարգացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը ֆրանկոֆոնիայի լիրրավ անդամ է և ֆրանկոֆոն ընտանիքի հետ նշում է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»-ը: «Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվում են ֆրանկոֆոն մշակութային և գիտակրթական միջոցառումներ՝ միտված համընդհանուր արժեքների և ֆրանկոֆոն մշակույթի արժևորմանն ու տարածմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Փոխմախարարը նաև տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում կանցկացվեն շուրջ 30 միջոցառումներ: Ծրագիրը բազմաժանր է՝ կինո, երաժշտություն, թատրոն, ժամանակակից արվեստ։ Հայաստանի շուրջ 325 կրթական ու մշակութային հաստատություններ ամբողջ տարվա ընթացքում Երևանում ու ՀՀ մարզերում կազմակերպելու են շուրջ 800 միջոցառում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է նաև Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում, որի շրջանակում ակնկալվում է ավելի քան 50 պատվիրակությունների մասնակցություն՝ շուրջ 4000 ներկայացուցիչներով:

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Գվինեայի պատվիրակությունը ևս մասնակցություն կունենա Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում ընթացող լայնածավալ բարեփոխումներին: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել Գվինեայի գործընկերներին առցանց ձևաչափով ծանոթացնել Հայաստանի փորձին, ինչպես նաև նախանշել համագործակցության այլ ձևաչափեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԿԳՄՍ համակարգման ոլորտներում միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին