«Փաստ» օրաթերթը գրում է.
««Մեր մեջ երկու տարվա տարբերություն կա, բայց ես ու Յուրան զույգ քույր ու եղբոր պես ենք մեծացել: Տանն ամեն ինչ հավասար կիսվում էր մեր միջև, իրար մասին հոգ էինք տանում: Երբ 2016 թ.-ին Բերդից տեղափոխվեցի Իջևան՝ բարձրագույն կրթություն ստանալու, հատկապես սկզբնական շրջանում շուտ-շուտ էինք հիվանդանում: Ընթացքում բացահայտեցինք, որ կարոտից է, երբ հանդիպում էինք, միանգամից առողջանում էինք: Երբ դասերս սկսվում էին, մի երկու օր անց երկուսս էլ հիվանդանում էինք, ջերմում, Յուրան զանգում էր՝ արի, որ լավանանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նինան՝ Յուրայի քույրիկը:
«Պատերազմի ընթացքում մեզ այնքան ուժ էր տալիս, ասում, որ խոսել է մեր տղայի հետ, գիտի, որ լավ է, շուտով կհայտնվի, լուր կստանանք, շատ չմտածենք»: Ընկերոջ ծնողներն ասում են՝ կրկնակի ցավ ապրեցինք, երբ մեր որդուն «գտանք», հետո էլ Յուրայի զոհվելու լուրը ստացանք»: Յուրան բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 5-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրիում՝ Հրետանային զորամասում, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Վարանդա: «Պատերազմի ծանր օրերին անգամ բոլորից պետք է հետաքրքրվեր: Ընդամենը մեկ օր տուն չի զանգել, մյուս օրերին միշտ իր հետ կապ ենք ունեցել»: Յուրան ֆագոտի հրամանատար էր: «Իր հրամանատարության տակ 11 զինվոր է եղել: Սկզբում եղել է Վարանդայում, հետո տեղափոխել են Ջրական: Այնտեղ երեք օր շրջափակման մեջ կռվել է, հետո գնացել են Հադրութ, այնտեղից էլ՝ ոտքով Մարտունի, որտեղ էլ հոկտեմբերի 30-ին զոհվել է»:
«Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 30-ը ծավալված մարտական գործողությունների ընթացքում կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ, 5 ՀՄՄ, 3 «Ուրալ» մակնիշի մեքենա, 2 «Կամազ» մակնիշի մեքենա, 2 տրակտոր»,-այս տվյալները ներկայացված են Յուրայի մարտական ուղու մեջ:
Պատերազմի ժամանակ Յուրան նաև վիրավորվել է, բայց անգամ բուժկետ չի գնացել, շարունակել է կռվել: Նինայի խոսքով, Յուրան թշնամուն նաև մարդուժի կորուստներ է պատճառել: «Շատ ուժեղ էր իր հավատը, բանակ գնալուց առաջ մկրտվեց: Պատերազմի օրերին խոսում էինք իր հետ, ասաց՝ գիտե՞ս, որ հենց այս պահին դիմացս երևի մի երեսուն թուրք զինվոր աղոթում է: Մի հատ կրակեմ, բոլորը կզոհվեն: Բայց ո՞նց կրակեմ, աղոթում են, Աստված ինձ կների՞: Հետո մի օր էլ ասաց՝ ես էսքան մեղքի տակից ո՞նց եմ դուրս գալու, ինչքան մայրեր են ինձ անիծելու»: Յուրայի զոհվելու լուրն անմիջապես հասել է Բերդ, նա շուտ է տուն «վերադարձել», իսկ հետագայում ընտանիքն արդեն իմացել է որդու զոհվելու հանգամանքները:
«Մեքենային ԱԹՍ-ն է հարվածել, 30 զինվորից միայն մեկն է փրկվել: Նա պատմում է, որ եղբորս շնորհիվ է ողջ մնացել: Յուրան շուտ է մեքենան նստել, բայց ինքը չի նկատել ու սկսել է Յուրային փնտրել: Ասում է՝ եթե ես էլ շուտ նստեի մեքենան, ուրեմն, ես էլ կզոհվեի»: Քույրիկի հետ զրույցի ընթացքում տարբեր զգացումներ են իրար հաջորդում՝ ժպիտ, ծիծաղ, հուզմունք, կարոտ: Յուրայից հետո նրա հոգում մնացած անբացատրելի դատարկությունը կարծես լցվում է ջերմ ու անսպառ հիշողություններով:
«Հիմա մի քիչ հանգստություն կա մեջս: Հիմա մեզ հիշողություններն են ապրեցնում: Յուրան տոների սիրահար էր: Միշտ սիրում էր հենց կեսգիշերին ու առաջինը շնորհավորել: Բոլորիս համար բացիկներ էր պատրաստում, բարեմաղթանքներ գրում, շատ նրբանկատ էր: Երբ բանակ էր գնացել, ես էլի հիվանդացա, ջերմությունս շատ բարձր էր, չգիտեի, թե ինչ անեմ: Իրեն ասացի, որ կարոտել եմ, չգիտեմ, թե ինչ անեմ, այն ժամանակ հանդիպում էինք, կարոտս առնում էի, լավանում, իսկ այս ընթացքում հանդիպելու հնարավորություն չունենք: Յուրան էլ արձագանքեց՝ ի՞նչ պիտի անես, նկարս տպում ես մայկայի վրա ու հագնում, ջերմությունդ միանգամից կիջնի: Իր զոհվելուց հետո արդեն Յուրայի նկարով շատ շապիկներ տպվեցին, որ եթե հիվանդանամ կամ կարոտեմ, հագնեմ ու լավանամ: Թեկուզ այդպես իր ներկայությունը միշտ ապահովում եմ: Մեզ իրենց ջերմությամբ նաև մեր ընկերներն են ապրեցնում:
Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը Արցախի Հանրպետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Ծառայության տարիներին արժանացել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանների: Հուղարկավորված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի գերեզմանատանը»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: