Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր

09 Հունիս, 2023 18:39
Քննարկվել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ եւ այդ պաշտոնում նրան փոխարինող Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Շնորհակալություն հայտնելով պարոն Մոլինեուսին Հայաստանում ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության համար՝ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է վերջին տարիներին Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում գրանցած կարեւոր արդյունքներին։

Շնորհավորելով Ռոլանդ Փրայսին նշանակման առթիվ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ ընթացիկ ծրագրերն արդյունավետ իրականացնելու եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններն առաջ մղելու համար։

Սեբաստիան Մոլինեուսը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ ունեցած արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի, կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահության եւ մի շարք այլ ուղղություններով։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին՝ առաջիկա տարիներին իր բարեփոխումների օրակարգն իրականացնելու գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին