Կարևոր իրադարձություններ

Սևանա լիճը ջրամբար չէ՛. այս տեմպերով լիճը կմեռնի. ահազանգում է բնապահպանը

06 Հունիս, 2023 16:35
Սևանա լիճը ջրամբար չէ՛. այս տեմպերով լիճը կմեռնի. ահազանգում է բնապահպանը

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասել է, որ, ջրային պաշարների անբավարար քանակով պայմանավորված, այս տարի Սևանա լճից ոռոգման համար ջուր բաց կթողնվի:

«Սևանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության, այլ բոլորիս գլխավոր խնդիրն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետների հետ այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք և համատեղ քննարկումներ ևս ունեցել ենք։ Քանի որ այս պահին ջրային պաշարի վիճակը լավ չի, պարտավորված ենք Սևանա լճից ջուր բաց թողնել ոռոգման համար»,- նշել էր նախարարը:

Վերջինիս փոխանցմամբ՝ այստեղ բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած նրանից, թե սակավաջրի ժամանակ ինչ ռեժիմ պետք է ենթադրի, վերջացրած` թե որտեղ է հնարավոր այլընտրանքային ջրային պաշարներ գտնել ոռոգման համար։

Ինչպես նշել է Սիմիդյանը, ՏԿԵՆ-ի հետ աշխատում են, որպեսզի Սևանա լճի վրա ճնշումը քիչ լինի, ոռոգման նպատակով որքան հնարավոր է, Սևանա լճից քիչ բաց թողնեն. «Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում, և, ցավոք, այս տարի էլ Սևանը հնարավոր է, որ կանաչի»:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նկատում է բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, վերջին մի քանի տարիներին Սևանա լճի մասով դրական բալանս չենք նկատել, որն էլ իրականում պարտադիր պահանջ  է հանդիսանում լճի էկոհամակարգի համար: Դրական բալանսի առկայությունը ոչ միայն պարտադիր է, այլև վկայությունն է այն մասին, թե ինչ փոփոխություններ են նկատվել այս ընթացքում:

«Այն, որ լճի մակարդակն այս տարի ավելի ցածր է, քան նախորդ տարի էր, խոսում է այն մասին, որ լիճը գտնվում է շատ վատ վիճակում և չի կարողանում վերականգնել իր գոյատևման համար անհրաժեշտ միջոցներն ու պայմանները: Սևանի մակարդակի բարձրացման համար ունենք մի քանի խոչընդոտ. մեկն այն է, որ լիճը վերցված է շինությունների օղակի մեջ, որոնք էլ կառուցված են 1905 մետր նիշից ներքև»,- ասում է մասնագետը:

Վերջինիս դիտարկմամբ՝ պետք է քաղաքական կամք լինի, որպեսզի հրաժարվենք այնպիսի շինություններից, որոնք խոչընդոտում են Սևանա լճի մակարդակի բարձրացմանը: Ասում է՝ այդ կամքը հաճախ է դրսևորվել, սակայն անարդյունք է մնացել, քանի որ եղել են թե՛ ֆինանսական, թե՛ ազդեցիկ մարդկանց ճնշումներ:

«Դժվար է մի օրենքով կամ որոշումով միանգամից կարգավորել առկա խնդիրը: Բանն այն է, որ այս տարիների ընթացքում հասկանալով, թե ինչպիսի խնդրի առաջ ենք կանգնած, ոչ մի քայլ չի արվել, անգամ փոքր քայլեր չեն եղել, որոնք գոնե քիչ-քիչ կտանեին ցանկալի արդյունքի իրականացմանը: Տարիներ առաջ ևս ուսումնասիրություններ արվել են լճի մակարդակի մասով, սակայն ցավն այն է, որ երբ համեմատում ենք նախկին և ներկայիս ուսումնասիրությունների արդյունքները, տեսնում ենք, որ դրանք հուսադրող չեն»,- նշում է բնապահպանը:

Զառաֆյանը շեշտում է՝ մենք հաճախ Սևանա լիճը դիտարկում ենք որպես ջրամբարի, սակայն այն ջրամբար չէ. «Թերևս, փաստը մնում է փաստ, որ եթե լիճը վերականգնողական մեխանիզմներ չունենար, կմեռներ: Խնդիր ունենք նաև ջրիմուռների առկայության մասով, ինչպես արդեն նշեցինք, դրա հնարավոր վտանգի մասին»:

«Սևանա լճի ծաղկումը շատ վտանգավոր ցուցանիշ է: Առաջին ծաղկման ժամանակ բոլորը շոկի մեջ էին, երկրորդ անգամ՝ շատ ավելի հանգիստ, անգամ գրել էին՝ ոչինչ, մենք կարողանում ենք լողալ, բան չկա: Ճիշտ է, հասկանում եմ մարդկանց վերաբերմունքն այս մասով, սակայն չեմ հասկանում շրջակա միջավայրի կազմակերպությունների ու պատասխանատուների լռությունը, չէ՞ որ իրենք են սրա համար պատասխանատվություն կրում: Բանն այն է, որ ասում են՝ ծաղկում է, հետո կիջնի, բայց չեն հասկանում, որ այդ կերպ Սևանա լիճը մահանում է, ու այս գործընթացն էլ ամեն տարի կրկնվում է, ինչն էլ շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու»,- ընդգծում է Զարաֆյանը:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին