Կարևոր իրադարձություններ

Դիմանկարներումս տարբեր հոգեվիճակներ «կերտած» Անին է. նկարչուհի

26 Մայիս, 2023 15:15
Դիմանկարներումս տարբեր հոգեվիճակներ «կերտած» Անին է. նկարչուհի

Հանրության կյանքում մեծ դեր ու կարևորություն ունի գեղագիտական ճաշակը, որը մարդկանց մի մասը այն լրացնում է թատրոն, կինո, համերգասրահ այցելելով, մի մասն էլ՝ ցուցահանդես:

Shabat.am-ի զրուցակից նկարչուհին նկարել սկսել է դեռ վաղ տարիքից: Անի Մարտիրոսյանը փոքրուց տարված է եղել նկարչությամբ, որն էլ ուսումը մասնագիտական ուղղությամբ շարունակելու առիթ է դարձել: Սովորել է դիզայնի ֆակուլտետում, սակայն դրան զուգահեռ շարունակել գեղանկարներ անել:

«Ուսումս ավարտելուց հետո մոտ մեկ տարի ինձ մոտ սթրեսային շրջան էր, չէի կարողանում ոչինչ անել ու կենտրոնանալ նկարներիս վրա, սակայն դրանից հետո վերագտա ինձ ու գնացի սովորելու իմ երազանքների մասնագիտությունը՝ գեղանկարչությունը»,- ասում է նկարչուհին:

Անին մասնակցել է խմբային և էտյուդային մի շարք ցուցահադեսների: Ունեցել է նաև «Արտաշունչ վրձնով» խորագիրը կրող անհատական ցուցահանդես:

«Այդ ցուցահանդեսիս հիմնականում ցուցադրված էին էտյուդներ ու նատյուրմորտներ: Այդ ժամանակ ևս շեշտը դրել էի էտյուդների վրա, որոնց միջոցով փորձում էի ճանաչել բնությունն ու իմ ձևով մատուցել իր շունչը: Ցուցահանդեսից հետո եկավ շրջան, երբ սկսեցի մեծամասամբ կոմպոզիցիաներ ու դիմանկարներ նկարել: Շատ եմ սիրում նկարել ինձ, քանի որ միակ մարդը, որին լիարժեք ճանաչում եմ, ես եմ: Դիմանկարներումս ես ինձ նկարում եմ այնպիսին, ինչպիսին կամ` թեկուզ գզգզված մազերով, առանց դիմահարդարման, ինչու ոչ, նաև թիթիզ աղջկա կերպարով»,- նշում է նա:

Նկարչուհին ցանկանում է, որ իր ցուցահանդեսի այցելուներն իրեն իր նկարների միջոցով սկսեն ճանաչել ու տեսնեն իրական Անիին: Իրական Անիին ճանաչելու մտորումներով էլ պատրաստվում է  նոր` «Դիմանկարներ և կոմպոզիցոն աշխատանքներ» խորագիրը կրող ցուցահանդեսին, որտեղ կգերակշռեն դիմանկարները:

Ցուցահանդեսում ներկայացվելիք կերպարների մեջ այցելուները կկարողանան տեսնել տարբեր հոգեվիճակներ «կերտած» Անիին:

«Անգամ բնապատկերներում փորձել եմ իմ անձից մասնիկ ներդնել ու ներկայացնել: Ցուցադրվելիք նկարների մեծ մասը նկարել եմ այն ժամանակ, երբ հոգեպես ծանր վիճակում եմ եղել ու դրանով փորձել արտահայտել այն, ինչ այդ պահին զգացել եմ: Ցուցահադեսն ինձ ճանաչելու մասին է»,- ընդծում է Անին:

 

Նատալի Մկրտչյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին